Երկրագնդի մթնոլորտն աղտոտող ամենախոշոր երկներն են ԱՄՆ-ը ու Չինաստանը: Եվ նրանց կողմից իրականացվելիք գործողությունները վճռական դեր կարող են ունենալ երկրագնդի ապագայի համար: Այդ պատճառով էր, որ Երկրագնդի ջերմացման հարցերով Գլազգոյում անցկացվող միջազգային վեհաժողովում երկու երկրների կողմից հրապարակված համատեղ հայտարարությունն ընդունվեց մեծ ոգեւորությամբ:
Ինչպես կլիմայի հարցերով ԱՄՆ-ի գլխավոր բանագնաց Ջոն Քերրին ասաց, ‘’ԱՄՆ-ը եւ Չինաստանը հակադիր կարծիքներ ունեն մի շարք հարցերում, սակայն կլիմայի հարցում միակ ճիշտ ուղին համագործակցելն է’’:
Նույն միտքը վեհաժողովի ժամանակ արտահայտեց Չինաստանի բանագնաց Սի Ժենհուան:
Երկու երկրները համաձայնվել են համագործակցել մեթան գազի արտանետումների ծավալները վերահսկելու, անտառների անօրինական հատումները կասեցնելու, վերականգնվող էներգիայի արդյունաբերությանը զարկ տալու եւ աղքատ երկրներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցերում:
Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն է ասել, ‘’Սա կարեւոր քայլ է` իրականացված ճիշտ ուղղությամբ’’:
Ճիշտ է, հայտարարության մեջ չի նշվում որոշակի որեւէ ժամանակացույց, սակայն այն նոր շունչ է հաղորդում բանակցություններին, երբ վեհաժողովի պատվիրակները փորձում են համաձայնության գալ ընդհանուր հայտարարության տեքստի շուրջ: Հայտարարություն, որը վերաբերում է երկրագնդի ջերմության բարձրացումը մինչեւ 1.5 աստիճանի սահմաններում պահելու նպատակով յուրաքանչյուրի կողմից իրականացվելիք պարտավորություններին:
Չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության տեքստի առաջին չմշակված տարբերակը հորդորում է, որ երկրները մինչեւ 2022 թվականի ավարտը վերադառնան արտանետումների ծավալները կրճատելու իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը: Հարուստ երկրներն էլ պարտավորվելու են աղքատ պետություններին տրամադրել 100 միլիարդ դոլար ամեն տարի: Կոչ է արվում հարուստներին դադարեցնել քարածխի եւ հանածո մյուս վառելանյութերի արդյունահանումը:
Այստեղ եւս չի նշվում ժամանակացույց, սակայն ԱՄՆ-Չինաստան համատեղ հայտարարությունը համարվում է այս վեհաժողովի շարժիչ ուժը:
Եկող ժամերի ընթացքում է միջազգային համայնքը ցույց տալու` կարո՞ղ է արդյոք գալ երկրագնդի ջերմության բարձրացման կործանիչ ընթացքը դադարեցնելու հարցում համաձայնության, թե ոչ: