Վետերանների օրը, որը նախապես նշում էր Առաջին աշխարհամարտի ավարտը, դաշնային հիշատակի օր է ԱՄՆ-ում: Նոյեմբերի 11-ն այստեղ վաղուց է դարձել ռազմական բոլոր գործողություններում ընկած ամերիկացի զինվորականների հիշատակը նշելու օր:
Մերձավոր Արեւելքի հակամարտություններում զոհված անձանց հուշահամալիրը կառուցվել է 1967 թվականից ի վեր այս տարածաշրջանում զոհված ամերիկացիների հիշատակին:
Ամեն անգամ այս հուշահամալիր այցելող Դենիս Ուիլյամսի համար այստեղ կա նվիրական մի անուն: Դա նրա որդու` Էնդրու Միըրի անունն է:
‘’Այս վայրը միայն ինձ չէ, որ հիշեցնում է մահվան մասին: Այն հիշեցում է բոլորին, որ իրենց կյանքի համար իրենք պարտավոր են զոհված այս զինվորականներին’’, ասում է նա:
Նրա որդին զոհվել է Աֆղանստանում 2010 թվականին մահապարտ ահաբեկչի կողմից ճանապարհի վրա ռմբային հարձակում իրականացնելու արդյունքում: Էնդրուն 21 տարեկան էր, երբ նրան հողին հանձնեցին հենց Վետերանների օրը` նոյեմբերի 11-ին:
Դենիսի խոսքերով, որդին վստահ էր, որ եթե ահաբեկիչների դեմ պայքար չտարվեր այնտեղ, այդ պայքարը տեղափոխվելու էր ԱՄՆ-ի տարածք:
Զոհված զինվորի մայրն Իլիոնոյս նահանգի Ոսկե աստղ մայրերի շահույթ չհետապնդող կազմակերպության նախագահն է: Նրա խոսքերով, կազմակերպության անդամներն այն մայրերն են, որոնք կորցրել են զինվորական համազգեստ կրելու որոշում կայացրած իրենց զավակներին:
Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո Վետերանների հիշատակի առաջին օրն է այս տարվա նոյեմբերի 11-ը: Եվ այսօր, երբ նա նշում է իր որդու մահվան տասնմեկ տարին, կանգնած է մի դժվար հարցի պատասխանելու խնդրի առջեւ: Եվ այդ հարցը հետեւյալն է. ‘’Արդյո՞ք անիմաստ չէր այդ պատերազմը եւ արդյոք ի զուր չանցավ այդ պատերազմում զոհվածների կյանքը:
‘’Պատերազմում որեւէ զինվորականի մահն ի զուր չի կարող լինել’’, ասում է որդեկորույս մայրը ու ավելացնում, որ կորսված ամեն մի կյանք մի բեկոր է հայրենիքից ու հանուն հայրենիքի: