Նյու Յորքի աֆրոամերիկացի երկրորդ քաղաքագլուխը

Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին ոստիկան Էրիկ Ադամսը Նյու Յորքի հաջորդ քաղաքապետն է: Երեքշաբթի օրն անցկացված ընտրությունների արդյունքում նա հաղթել է հանրապետական թեկնածու Քըրթիս Սլիվային:

61-ամյա Ադամսը քսան տարի ծառայել է որպես Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի սպա` հասնելով մինչեւ կապիտանի աստիճանի:

Չորս ժամկետ նա ծառայել է որպես նահանգային սենատոր, իսկ ավելի ուշ` որպես Բրուքլինի շրջանի նախագահ:

15 տարեկանում ոստիկանների բռնության զոհ դարձած Ադամսը միշտ է հանդես եկել ոստիկանական համակարգը բարեփոխելու կոչերով: Մեծաթիվ փորձագետների խոսքերով սա այն է, ինչի կարիքն ԱՄՆ-ը այսօր շատ է զգում:

Քանի որ Նյու Յորքը եղել է COVID-19 համաճարակի առաջին էպիկենտրոնը, Ադամսին հանձնարարվելու է ղեկավարել քաղաքի տնտեսական վերականգնումը, միաժամանակ պայքարելով աճող հանցագործության և անօթևանության դեմ:

Ադամսը կդառնա Նյու Յորքի աֆրոամերիկացի երկրորդ քաղաքագլուխը հանգուցյալ Դեյվիդ Դինքինսից հետո, երբ հունվարի 1-ին պաշտոնապես ստանձնի քաղաքապետի պարտականությունները: