Աֆղանստանը`ձմռանն ընդառաջ, Արեւմուտքն`ի աջակցություն քաղցած միլիոնավոր երեխաների

Ձմեռն արագ մոտենում է Աֆղանստանին եւ ջերմաստիճանն արագ անկում է ապրում: Երկիր, որտեղ միլիոնավոր մարդիկ այսօր ունեն մարդասիրական օգնության կարիք:

Ինչպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սալամ ալ Ջանաբին է ասում, մոտ երեք միլիոն երեխա այստեղ տառապում է թերսնմամբ: ‘’Նրանցից մեկ միլիոնը ներկա պահին պայքարում է հանուն կյանքի’’, ասում է նա:

Ըստ ՄԱԿ-ի, Աֆղանստանն այսօր ունի միլիարդավոր դոլարների օգնության կարիք, տնտեսությունը վերականգնելու ու աղետից մարդկանց փրկելու համար:

Ինչպես Մեծ քսանյակի երկրների միջեւ անցկացված առցանց հանդիպման ընթացքում Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասաց, կայացվել է համաձայնություն` թույլ չտալու համար, որ այս երկիրը նորից չվերածվի միջազգային ահաբեկիչների ապաստարանի:

Իր հերթին Եվրոապական միությունը խոստացել է 1 միլիարդ 200 միլիոն դոլար հատկացնել Աֆղանստանին ու հարեւան երկրներին: ԱՄՆ-ը խոստացել է 330 միլիոն, եւ ինչպես նախագահ Ջո Բայդենն է ասել, օգնության համար նախատեսված գումարը չի տրվելու Թալիբանին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի խոսքերով էլ, ռազմատենչ այս խմբավորումը չի ստանա ճանաչում, քանի դեռ այն ոտնահարում է կանանց ու աղջիկների իրավունքները:

Ինչ վերաբերում է Թալիբանին, ապա այն կոչ է անում, որ միջազգային համայնքը բնականոն հունի մեջ դնի Աֆղանստանի իշխանությունների հետ հարաբերությունները:

Իսկ այս երկրի սովորական քաղաքացիների կյանքն աստիճանաբար վատթարանում է: Կանխիկ գումարի մեծ պակաս կա: Փակվում են մեծաթիվ ձեռնարկություններ, չի վճարվում մարդկանց աշխատավարձը, ապրանքների գները շարունակում են արագ աճել:

Աֆղանստանն ունի Արեւմուտքի աջակցության եւ օժանդակության կարիքը, որի հետ Կաթարում այս պահին անցկացվում են բանակցություններ: Բանակցությունների նպատակն այստեղ օգնություն ուղարկելու աշխատանքները կարգավորելն է, եւ դրա դիմաց` փախստականներից երկրից հեռանալու իրավունք տալը: