Վաշինգտոնում Վլադիմիր Պուտինին աշնանն այլեւս չեն սպասում: Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ «նախագահ Պուտինի հետ հաջորդ երկկողմ հանդիպումը պետք է տեղի ունենա վհուկների որսի ավարտից հետո, հաջորդ տարի»: «Վհուկների որս» Դոնալդ Թրամփն անվանում է դեռեւս ապարդյուն փորձերը կապել Ռուսաստանի միջամտությունը 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին նախագահ Թրամփի նախընտրական թիմի հետ:
Մինչ Սպիտակ տունը հայտարարում էր, որ Պուտինը Վաշինգտոն այցելելու հրավերից կարող է օգտվել միայն հաջորդ տարի, ԱՄՆ-ի Սենատում անցնող լսումներին պետքարտուղար Մայք Փոմփեոն ստիպված էր պատասխանել օրենսդիրների քննադատությանը Թրամփի վարչակազմի հասցեին:
«Ամերիկյան ժողովուրդը, ընտրված պաշտոնյաները եւ նույնիսկ նախագահի վարչակազմի անդամները ավելի շատ Հելսինկիի գագաթաժողովից լսել են Պուտինից եւ նրա նախարարներից քան մեր նախագահից», - նշել է դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզը:
Դեմոկրատ սենատորներին ի պատասխան պետքարտուղար Փոմփեոն հայտնեց, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կողմերը հասել են երեք հիմնական պայմանավորվածությունների.
Ստեղծել ռուս-ամերիկյան գործարարների խորհուրդ,
Վերականգնել երկկողմ հակաահաբեկչական խորհուրդը,
Եւ նպաստել Սիրիայում 6-7 միլիոն փախստականների վերադարձին:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի խնդրին, ապա այստեղ կողմերը «համաձայնել են չհամաձայնել», նշեց Փոմփեոն: Ավելին, Վաշինգտոնի քաղաքականությունը որեւէ կերպ չի փոխվել եւ Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները չեն թուլացվելու.
«Մեր մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ անփոփոխ է՝ բարձրացնել ագրեսիայի գինը, մինչեւ Վլադիմիր Պուտինը կընտրի ոչ ագրեսիվ արտաքին քաղաքականություն, միեւնույն ժամանակ, ելնելով մեր ազգային շահերից, երկխոսության դուռը բաց պահելով»:
Անփոփոխ է նաեւ Սպիտակ տան մոտեցումը՝ Ռուսաստանը պետք է վճարի 2016-ին ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի համար.
«Նախագահը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ նաեւ մեր ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ եւ նախագահը համոզված է, որ այդ զրույցի ընթացքում Վլադիմիրը հասկացավ, որ դա չի հանդուրժվելու»:
«Լավ կլիներ՝ դա ասեր հրապարակայնորեն Հելսինկիում», - նշեց ի պատասխան Մենենդեզը:
Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն իր կողմից ավելացրեց, որ անհրաժեշտ է այնքան բարձրացնել ԱՄՆ-ի ժողովրդավարության դեմ հարձակումների գինը, որ ապագայում նժարի վրա դնելով կողմ եւ դեմ փաստերը Վլադիմիր Պուտինը չհամարձակվի նման հրաման տալ.
«Այսպիսով, ապագայում մեր դեմ գործողություններ հրահանգելուց առաջ Վլադիմիր Պուտինը կիմանա, թե ինչ գին է վճարելու, եթե կրկնի այդ միջամտությունը»:
Միեւնույն ժամանակ, լսումների ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարը հիշեցրեց օրենսդիրներին, որ Միացյալ Նահանգների հիմնական մարտահրավերը հաջորդ տասնամյակում ոչ թե Ռուսաստանն է, այլ՝ Չինաստանը.
«Նրանք ունեն հսկայական բնակչություն եւ մեծ տնտեսություն: Դա նրանց դարձնում է ԱՄՆ-ի մրցակից, մինչդեռ, Ռուսաստանի նման երկիրը, որի տնտեսությունն ավելի փոքր է, քան Իտալիայինը, չի կարող երկար դիմակայել»: