Մատչելի հղումներ

Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ուղղված տրանսպորտի թանկացման դեմ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հարցեր է ներկայացրել Երևանի քաղաքապետին

Երևանի բնակիչներն արդեն չորրորդ օրն է ինչ շարունակում են բողոքի ակցիաները քաղաքապետարանի մոտ՝ ուղղված հասարակական տրանսպորտի ուղևարձը 50 տոկոսով թանկացման դեմ:

Հաղորդագրությունների համաձայն, բողոքի ցույցերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ծառայողների հետ, որոնց ընթացքում ձերբակալվել, ապա՝ արագ ազատ է արձակվել մի քանի ակտիվիստ:

Հասարակական տրանսպորտի ուղևարձների ակցիաների ընթացքում ձևավորվել է «Ֆրի Քար»՝ «Անվճար մեքենա» անվանում ստացած նախաձեռնություն, որի կայքում տեղադրվում են հայտարարություններ ավտոմեքենաների սեփականատերերի կողմից, որոնք առաջարկում են իրենց սեփական մեքենաներով անվճար տեղափոխել քաղաքի բնակիչներին՝ այս կերպ փորձելով բոյկոտել ուղևարձի կտրուկ աճը:

Բողոքի ակցիաներին, ըստ հաղորդագրությունների, միացել են նաև Հայաստանի ճանաչված մարդիկ, ովքեր իրենց մեքենաներով նույնպես առաջարկում են անվճար տեղափոխել Երևանի բնակիչներին:

«Հայաստանի բնակիչների լքված և մատնված լինելու զգացումը տարածվել է սակայն ոչ միայն Երևանում, այլև քաղաքի սահմաններից դուրս, ամբողջ Հայաստանում, քանի որ երկրում անցկացված երկու՝ նախագահական և Երևանի քաղաքապետի, ընտրություններից հետո առաջին անհրաժեշտության պարագաների և ծառայությունների գները բարձրացել են՝ չնայած իշխող կուսակցության թեկնածուների կողմից աշխատավարձը բարձրացնելու և կտրուկ թանկացումներ թույլ չտալու խոստումներին», - ասված է Միացյալ Նահանգներում հրապարակվող հայկական «Ասպարեզ» պարբերականում:

«Հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը խորհրդանշական է մի կառավարության համար, որը ղեկավարվում է ագահ օլիգարխների կողմից, և դարձել է վերջինը տնտեսական այնպիսի որոշումների շարքում, որոնց արդյունքում հասարակությունը խաբված է մնացել, իսկ դրամի կույտերը վերահսկողները դարձել են է՛լ ավելի համարձակ՝ իրենց գրպաններն անազնիվ եղանակով ձեռք բերված հարստությամբ լցնելու գործում», - գրում է «Ասպարեզ»-ը:

Հասարակական տրանսպորտի ուղևարձի թանկացումների կապակցությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ մասնավորապես ասված է.

«1. Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում: Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում և եթե ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի:

2. Առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները ենթարկվելու՞ են պատասխանատվության:

3. Եթե գործող ուղևորափոխադրող ընկերությունները դիմել են տրանսպորտի սակագնի բարձրացման խնդրանքով, ապա անհրաժեշտ չէ՞ արդյոք հայտարարել նոր մրցույթ, որին հնարավոր է մասնակցեն նոր ընկերություններ՝ 100 ՀՀ դրամ սակագնի առաջարկով»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, բայի այդ, նշել է, որ տրանսպորտի սակագների թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով:

«Վստահ ենք, որ եթե սակագների բարձրացման գործընթացը եղել է օրենքի խախտմամբ, ապա ոչ միայն պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, այլև հուլիսի 20-ից հավելյալ գումարներ վճարած մեր համաքաղաքացիներին պետք է տրվի նյութական համարժեք փոխհատուցում», - եզրափակում է Երևանի քաղաքապետին ուղղված Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը:
XS
SM
MD
LG