ԱՄՆ-ի ու Իսրայելի նախագահները Սպիտակ տանը հանդիպման ժամանակ քննարկել են իրանական սպառնալիքի հարցը, այդ թվում՝ Թեհրանի աջակցությունը Ռուսաստանին՝ ընդդեմ Ուկրաինայի: Իսրայելը մերժել է Կիևի՝ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու խնդրանքը: Կիևը պնդում է դրանք կպաշտպանեն երկիրը Իրանի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքերից։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի նախագահի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է անվտանգության տարբեր մարտահրավերներին, այդ թվում՝ Իրանից եկող սպառնալիքին:
Իսրայելի նախագահի խոսքով՝ իրանական սպառնալիքը Իսրայելից էլ այն կողմ է անցել։ Այն մահացու զենքեր է մատակարարում, որոնք սպանում են Ուկրաինայի անմեղ քաղաքացիներին:
Ուկրաինական և արևմտյան պաշտոնյաները հաստատել են, որ Ռուսաստանը ռմբակոծել է ամբողջ Ուկրաինայի տարածքը իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Կիևը Իսրայելին խնդրել է տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են հակազդել այդ հարվածներին, սակայն Իսրայելը մերժել է:
Բայդենը ճնշում չի գործադրել Հերցոգի վրա, որպեսզի Իսրայելը փոխի իր դիրքորոշումը, «Ամերիկայի ձայն»-ին փոխանցել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։
«Իհարկե, խոսեցին Ուկրաինայի մասին։ Մենք խոսում ենք աշխարհի բոլոր երկրների հետ այն մասին, թե ինչ կարող ենք միասին անել Ուկրաինային աջակցելու համար, և, իհարկե, ինչ են նրանք պատրաստ անել, բայց դա պետք է լինի իրենց որոշումը»,-ասել է Քիրբին։
Իսրայելը դատապարտել է ռուսական ներխուժումը, սակայն մինչ այժմ միայն սահմանափակվել է հումանիտար օգնության տրամադրմամբ Ուկրաինային:
Սիրիայում ռուսական ռազմական ներկայության պայմաններում Իսրայելը պետք է հաշվի նստի Մոսկվայի հետ՝ խուսափելու համար ռուսական ուժերի հետ ընդհարումից: Իսրայելը թիրախավորում է Սիրիայում իրանական հրթիռային բազաները:
Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի Մերձավոր Արևելքի անվտանգության ծրագրի տնօրեն Ջոնաթան Լորի խոսքով՝ «Նրանք գերադասում են չհակառակվել Մոսկվային, որպեսզի կարողանան շարունակել պաշտպանել իրենց սահմանները «Հեզբոլլահ»-ից կամ այլ շրջանակների ձեռքում հայտնված զենքերից»:
Բայդենը նաև ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը՝ վերջ դնելու համար նրանց միջև ծովային սահմանների շուրջ վեճը։
Իսրայելի Բար-Իլան համալսարանի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Ջոնաթան Ռայնհոլդը նշել է. «Եթե նրանք չհասնեին այդ համաձայնությանը, ապա այն կարող էր պատերազմի պատճառ դառնալ Իսրայելի և Հեզբոլլահի միջև: Եվ հաշվի առնելով այն զենքը, որն այժմ հասանելի է Հեզբոլլահին՝ Իսրայելում մեծ թվով քաղաքացիական զոհեր կլինեին»:
Իրանի սպառնալիքին հակազդելու համար Բայդենը և Հերցոգը քննարկել են նաև Իսրայելի և Պարսից ծոցի երկրների միջև հակաօդային պաշտպանության համատեղ տարածաշրջանային համակարգ ստեղծելու ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը: