Երկուշաբթի օրը միգրանտները փորձել են ճեղքել լեհ-բելառուսական սահմանին տեղադրված փշալարե մետաղյա ցանկապատը:
Լեհաստանի իշխանությունները Բելառուսին մեղադրում են այստեղ առճակատում հրահրելու փորձի մեջ և հայտարարում լրացուցիչ զինվորականներ այստեղ տեղաբաշխելու մասին:
Պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ կտրում փշալարերի մի մասը, մյուսը բահով հարվածում ցանկապատին, երբ լեհ մի զինվոր ինչ որ նյութ է ցողում ցանկապատի մոտ գտնվող միգրանտների խմբի վրա։
Եվրամիությունը մեղադրում է Բելառուսին, հայտարարելով, որ այս երկրի իշխանությունները Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից հազարավոր միգրանտների են խրախուսում ժամանել այստեղ, որպեսզի Բելառուսի տարածքով անցնեն դեպի ԵՄ-ի երկրներ: Եվրամիության պաշտոնատար անձինք սա համարում են հիբրիդային պատերազմի ձև՝ ի պատասխան Մինսկի դեմ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցների:
Հիշեցնենք, որ ԵՄ-ը, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեցին Բելառուսի դեմ այն բանից հետո, երբ Լուկաշենկոն անցյալ տարի վիճահարույց ընտրություններից հետո բռնի ուժով ճնշեց զանգվածային ցույցերը:
Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարությունը շարունակ հերքում է միգրանտների ճգնաժամ հրահրելու մասին մեղադրանքները: Ավելին` այն Արևմուտքին է մեղադրում ‘’այս ճգնաժամը ստեղծելու մեջ եւ միգրանտների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար’’:
Լիտվան հայտարարել է, որ լրացուցիչ զորքեր է տեղափոխում սահման՝ նախապատրաստվելու համար միգրանտների անցումների հնարավոր աճին:
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ փախստականների մեծ խումբ է մայրուղով շարժվում դեպի Լեհաստանի սահման: