Երկու անցանկալի անակնկալ դեմոկրատների համար. հանրապետականները վերջին տասնամյակում, առաջին անգամ անգամը լինելով, հաղթեցին Վիրջինիայի նահանգապետի մրցապայքարում: Հաղթող ճանաչվեց Գլեն Յանգքինը, որը նախկինում երբեք չի զբաղեցրել պետական որեւէ պաշտոն:
Նյու Ջերսիում դեմոկրատ նահանգապետ Ֆիլ Մերֆին հաղթեց վերընտրվելիս, բայց ձայների շատ քիչ տարբերությամբ:
Վիրջինիայում նահանգապետի դեմոկրատ թեկնածու Թերի Մաքոլիֆը փորձում էր Յանգքինին կապել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Եվ մեծ հույսեր ուներ շահելու այն նահանգում, որտեղ դեմոկրատ Ջո Բայդենը հաղթել էր նախագահական մրցապայքարում 10 միավորով:
Իսկ ահա հանրապետականները կենտրոնացել էին այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հարկերը, կրթությունը և հանցագործությունների մակարդակը:
Վիրջինիայի ընտրությունների արդյունքները նախազգուշական ազդանշան են դեմոկրատների համար, ասում է Մարկ Ռոզելը` Ջորջ Մեյսոնի համալսարանից:
«Հասարակության ընկալումն այս պահին այն էր, որ դեմոկրատները, ովքեր այժմ վերահսկում են քաղաքական Վաշինգտոնը, չեն կարողանում անել այն, ինչը խոստանում էին անել»:
Մասնավորապես, նախագահ Բայդենի Build Back Better Act-ը զանգվածաբար ընդլայնելու է Ամերիկայի սոցիալական ապահովության ցանցը և պայքարելու կլիմայի փոփոխության դեմ, ինչն ընդհանուր առմամբ պահանջելու է 1,75 տրիլիոն դոլար:
«Դա կնվազեցնի գնաճը, կբարձրացնի աշխատավարձերը, կբարձրացնի մրցակցությունը, կստեղծի տարեկան երկու միլիոն աշխատատեղ», հայտարարել էր Բայդենը:
Բայց օրինագիծը Կոնգրեսում մնում է փակուղում, քանի որ առաջադեմ և չափավոր դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ դրա բազմաթիվ դրույթների շուրջ: Հանրապետականները երեքշաբթի օրվա ընտրությունների արդյունքով ապացուցեցին, որ ամերիկացիներն ինչ որ առումով դեմ են այդ ծրագրին, ասում է Սենատում հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելը:
Սակայն դեմոկրատները պնդում են, որ իրենք կկատարեն ընտրողներին տրված իրենց խոստումները: «Մարտահրավերները, որոնց հետ բախվում են ամերիկյան ընտանիքներն ու աշխատավորներն այսօր, հսկայական են: Եվ Նախագահ Բայդենի օրակարգը նրանց դժվարությունների մեծ մասի դեղամիջոցն է», ասում է դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը:
Նախագահական ընտրություններից հետո անցկացվող մյուս ընտրությունները գրեթե միշտ են վտանգավոր այն քաղաքական կուսակցության համար, որը վերահսկում է Վաշինգտոնը: Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում և Սենատում միայն շատ չնչին առավելություն ունեն՝ հաջորդ տարվա միջանկյալ ընտրություններում առավելությունը պահպանելու համար: Եվ երեքշաբթի օրը Վիրջինիայում անցկացված ընտրությունների արդյունքներն այս առումով խորացնում են դեմոկրատների մտահոգությունները, մեծացնելով հանրապետականների՝հույսերը: