Մատչելի հղումներ

Թուրքիայից տասը դեսպանների վտարելու մտադրությունը քննադատության է արժանանում Եվրոպայում


Գերմանիայի կառավարությունը երկուշաբթի օրը «մտահոգություն» է հայտնել այն լուրերի կապակցությամբ, որոնց համաձայն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն իր արտաքին գործերի նախարարությանը հրահանգել է վտարել Միացյալ Նահանգների և արևմտյան ինը այլ երկրների դեսպաններին, քանի որ նրանք հանդես էին եկել բարերար Օսման Քավալային ազատ արձակելու պահանջով:

Դեսպաններից յոթը ներկայացնում են ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներին, և արտաքսումները, եթե իրականացվեն, կբացեն Արևմուտքի հետ Թուրքիայի ամենախորը ճեղքվածքը Էրդողանի իշխանության 19 տարիների ընթացքում:

Քավալան, որը քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպությունների է օժանդակում ու աջակցում, արդեն չորս տարի գտնվում է բանտում եւ մեղադրվում է 2013 թվականին համաժողովրդական բողոքի ակցիաները ֆինանսավորելու և 2016 թվականին ձախողված հեղաշրջման մեջ ներգրավված լինելու մեջ:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զիբերտն ասել է, որ Թուրքիայից այս մասին պաշտոնական ոչ մի ուղերձ չի ստացվել: «Այժմ շահարկումներ կատարելու կարիք չկա», ասել է նա:

Հոկտեմբերի 18-ին Կանադայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի և Միացյալ Նահանգների դեսպանները համատեղ հայտարարությամբ կոչ էին արել արդար և արագ լուծում տալ Քավալայի գործին, և պահանջել նրա անհապաղ ազատումը»: Դրանից հետո նրանք կանչվել էին Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Նախարարությունը դեսպանների հայտարարությունը անվանել էր ‘’անպատասխանատու քայլ’’:

Այս հակամարտության մեջ հայտնված երկրներից վեցը Եվրամիության անդամներ են, այդ թվում ՝ Գերմանիան և Ֆրանսիան: Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. ‘’Տասը դեսպաններին վտարելու հանգամանքը խոսում է Թուրքիայի կառավարությունն ավտորիտար հարթակ տեղափոխելու մասին: Մեզ այս կերպ ահաբեկելն անհնար է եւ մենք շարունակելու ենք պահանջել Օսման Քավալայի ազատ արձակումը’’:

Գերմանիայի ԱԳՆ-ից ստացված տեղեկությունների համաձայն, նշված 10 երկրներն այս պահին խորհրդակցում են միմյանց հետ:

Քավալայի դատավարության հաջորդ նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 26 -ին:

XS
SM
MD
LG