Մատչելի հղումներ

Կալիֆոռնիայի վիճահարույց օրենքները


Հանրապետականների կողմից իրեն հետ կանչելու փորձի տապալումից հետո Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմը ստորագրել է մի շարք այնպիսի օրենքներ, որոնք արժանանում են դեմոկրատների հավանությանը եւ պահպանողականների քննադատությանը:

Դեմոկրատական նահանգապետի ստորագրած որոշումներից մեկն օրինակ Կալիֆոռնիայի դպրոցներին կարգադրում է զուգարաններում ունենալ կանանց դաշտանների դեպքում կիրառվող պարագաներ:

Կալիֆոռնիայի որոշ բնակիչներ կարծում են, որ նման օրենք պետք է ավելի վաղուց ուժի մեջ մտած լիներ:

Սակայն այս օրենքի հակառակորդները քիչ չեն: Օրինակ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Ագնես Գիբբոնը դեմ է, որ, իր խոսքերով ասած, ինչ որ կանանց պահանջների համար վճարեն մյուս հարկատուները:

Մեկ այլ վիճելի օրենք պահանջում է մանկական խաղալիքների և ատամի խոզանակների գենդերային չեզոք ցուցադրում մեծ հանրախանութներում: Օրենքը չի արգելում ունենալ տղաների և աղջիկների առանձին բաժիններ: Սակայն պարտադիր պետք է ունենալ նաեւ սեռական տարբերությունը չնշող բաժին:

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թվականին:

Կան մարդիկ այստեղ, որոնք ասում են, թե ավելի լավ է, որ չլինի արական և իգական սեռի բաժանում: ‘’Մեր իրավունքն է լինել այն, ինչ մենք ենք ուզում’’, ասում են այս օրենքի կողմնակիցները:

Առավել վիճահարույց է այն օրենքը, ըստ որի անօրինական է սեռական հարաբերության ընթացքում առանց տեղյակ պահելու պահպանակի հեռացումը: Օրենքը թույլ է տալիս, որ այս դեպքում տուժող կողմը դատական հայց ներկայացնի ընդդեմ իր զուգընկերոջ:

Շատերն այս օրենքն անվանում են անցանկալի միջամտություն անձնական կյանքին: Շատերն էլ կողմ են, որ անազնիվ վարքի համար մարդիկ պատժվեն:

Մեկ այլ նոր օրենքով բոլոր հանրակրթական դպրոցները պետք է ունենան առնվազն մեկ էթնիկ ուսումնասիրության դասընթաց ՝ սկսած 2025-26 ուսումնական տարվանից:

«Էթնիկ ուսումնասիրությունների պահանջը իրականում լավ գաղափար է, քանի որ Կալիֆոռնիայում շատ մարդիկ ապրում են միմյանցից տարանջատված, ու շատ դեպքերում մարդիկ չեն իմանում այլոց մասին: Այնպես որ, սա լավ օրենք է’’, ասում են մարդիկ:

Հանրապետական կուսակցությունից Ագնես Գիբոնեյը բողոքում է, որ երկրի կառավարությունը դանդաղ կերպով ջնջում է պատմությունը: ‘’Վիրավորականն այն է, որ մեր աշակերտներին մեր պատմությունը չի մատուցվում լիակատար կերպով, երբ ուսուցանվում է միայն բնիկ ամերիկացիների, աֆրոամերիկացիների, լատինամերիկացիների ու ասիացի-ամերիկացիների նվիրումների եւ պայքարի մասին: Իսկ այդ պատմության մեջ ի՞նչ տառապանքներ կրեցին սպիտակամորթները’’, հարց է տալիս նա ու այս օրենքն անվանում ‘’ռասիստական’’:

Վիճահարույց օրենքների շարքում են նրանք նաեւ, որոնց համաձայն արգելվում է բենզինով աշխատող խոտհնձիչների վաճառքը, կամ այն օրենքը, ըստ որի ռեստորանները հաճախորդներին չպետք է տրամադրեն կեթչուփի կամ այլ մեկանգամվա կիրառման փաթեթներ, եթե ինքը` ռեստորանի հաճախորդը դա չի խնդրում:

XS
SM
MD
LG