Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամի սպանությունն իրականացվել է ‘’ննջարանային արմատականի’’ կողմից


Մեծ Բրիտանիայի օրենսդիրներից Դեյվիդ Ամեսին անցյալ շաբաթ դանակահարությամբ սպանած անձնավորությունը նախապես եղել է կառավարության հակածայրահեղականության ծրագրի ուշադրության կենտրոնում, սակայն հետախուզությունը նրան չի համարել լուրջ սպառնալիք:

Ըստ տեղական մամուլի հաղորդագրությունների, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ Դեյվիդ Ամեսի դեմ հարձակումն իրականացրել է ծագումով սոմալեցի, 25-ամյա ոմն Ալի Հարբի Ալին: Վերջինիս հայրը, որը նախկինում եղել է Սոմալիի վարչապետի խորհրդականը, ասել է, թե ինքը ցնցված է կտարվածով: ‘’Ես նման բան երբեք պատկերացնել անգամ չէի կարողանա’’, ասել է նա իր բնակարան ժամանած ոստիկանության ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ պահպանողական Ամեսին հասցվել է դանակի մի քանի հարված, երբ նա Լոնդոնի արեւելյան մի հատվածում գտնվող եկեղեցու մոտ հանդիպում էր անցկացնում իր ընտրողների հետ: Հարձակումն իրականացնող Ալին ծնվել է Լոնդոնում: Նրա հարազատներից շատերն ապրում են Սոմալիում, որտեղ նրա հորաքույը Մոգադիշիում անվտանգության հարեցերով վերլուծական կենտրոնի ղեկավարն է, հորեղբայրը` Չինաստանում Սոմալիի դեսպանը:

Այսպիսով 69-ամյա Ամեսը դարձավ անցած հինգ տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում սպանված երկրորդ օրենսդիրը, հանգամանք, որը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել երկրում:

Ալիին ձերբակալել են եկեղեցու ներսում, երբ բժիշկները փորձում էին փրկել Ամեսի կյանքը: Այդ պահին Ալին օգտագործել է բջջային հեռախոսը, սակայն պարզ չէ, նա զանգահարել է ինչ որ մեկին, թե նկարահանել է հանցագործության վայրը:

Ըստ ոստիկանության, նա պատասխանում է իրեն տրված բոլոր հարցերին: Հոգեբույժները շուտով պատրաստվում են ներկայացնել իրենց տեսակետը նրա հոգեկան առողջության մասին:

Մեծ Բրիտանիայում քաղաքական գործիչներն այժմ քննարկում են երկրում հատկապես խորհրդարանի անդամների համար անվտանգության պայմանները խստացնելու հարցը:

Երկրի անվտանգության ծառայություններն ու հակաահաբեկչական հարցերով գործակալությունները նախարարների խորհրդին նախազգուշացրել են ‘’ննջարանային արմատականների’’ կողմից հնարավոր նոր հարձակումների մասին: Այս բառակապակցությունն այժմ կիրառվում է նկարագրելու համար միայնակ գործող այն անձանց, որոնք համացանցի միջոցով արմատական գաղափարախոսության ու տեսակետների կրողներ են դառնում համավարակի պատճառով սկսված սահմանափակումների պայմաններում:

XS
SM
MD
LG