Մատչելի հղումներ

Քովիդից մահացել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը


Քովիդ հիվանդության բարդացումների արդյունքում մահացել է ԱՄՆ-ի աֆրոամերիկացի առաջին պետքարտուղար Քոլին Փաուելը: Նախկին պետքարտուղարը 84 տարեկան հասակում մահացել է երկուշաբթի օրը: ‘’Մենք ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել Ուոլթեր Ռիիդի անվան ազգային բժշկական կենտրոնի աշխատակազմին իրենց հոգատար վերաբերմունքի ու բուժումների համար: Մենք կորցրել ենք հիանալի մի մարդու, սիրված ամուսնու, հոր ու պապիկի եւ մեծ մի ամերիկացու’’, Ֆեյսբուք’’-ում գրել են նրա ընտանիքի անդամները:

Վիետնամի պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Փաուելը եղել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվտանգության հարցերով խորհրդականը:

Որպես ԱՄՆ-ի բանակի գեներալ, Քոլին Փաուելը երկրի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավարն է եղել նախագահ Ջորջ Բուշ ավագի օրոք 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերն իրաքյան ուժերին դուրս մղեցին հարեւան Քուվեյթից:

Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներին Քոլին Փաուելը ծառայել է որպես ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավար:

Չափավոր հանրապետական Քոլին Փաուելն ունեցել է 1996 թվականի նախագահական ընտրություններում որպես առաջին սեւամորթ ամերիկացի իր թեկնածությունը դնելու մտադրություն, սակայն կնոջ հորդորներին լսելով, հետ էր կանգնել այդ մտքից: Ավելի ուշ` 2008 թվականին, նա, հրաժարվելով իր կուսակցության դիրքորոշումից, որոշեց իր աջակցությունը հայտնել դեմոկրատ Բարաք Օբամայի թեկնածությանը, որն էլ դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ սեւամորթ առաջին նախագահը:

Սակայն Փաուելի անունը մշտապես կկապվի 2003 թվականի հակասական այն պնդումների ու զեկույցի հետ, որը թույլ տվեց Ջորջ Բուշ կրտսերին հայտարարել, թե Իրաքն ունի քիմիական եւ կենսբանական զենքերի այնպիսի պաշար, որը կարող է սպառնալ ամբողջ աշխարհին:

Ավելի ուշ Փաուելը խոստովանել էր, որ այդ զեկույցը հագեցած է եղել Բուշի վարչակազմի այլ պաշտոնյաների կողմից մատուցված անճշտություններով և հետախուզության խեղաթյուրված տվյալներով, որը ‘’որպես մշտական սպի’’ է մնալու իր անվան վրա:

XS
SM
MD
LG