ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը հայտարարեց համավարակի դեմ երկրի պայքարի առաջընթացի մասին:
«Ամբողջ երկրի ցուցանիշներով ամենօրյա դեպքերը նվազել են 47%-ով: Անցած վեց շաբաթվա ընթացքում հոսպիտալացումների ցուցանիշն իջել է 38% -ով: Գրանցվող նոր դեպքերի թիվը նվազում է 39 նահանգներում, հիվանդանոցներինը՝ 38 նահանգներում», ասել է նա:
Ամերիկացիներին հավաստիացնելը, որ իր վարչակազմը հաջողության է հասնում համաճարակի դեմ պայքարում, Բայդենի քաղաքական կենսունակության բանալին է: Այս մասին են ասում մեծաթիվ վերլուծաբաններ, որոնցից Քրիս Ջեքսոնի խոսքերով, «Երբ գարնանը պատվաստման ջանքերը բավականին հաջող էին ընթանում, մենք տեսանք, որ Բայդենի վարկանիշը շարունակեց մնալ բարձր մակարդակի վրա: Սակայն Դելտա ենթատեսակի արագ տարածման արդյունքում նախագահի վարկանիշը գրանցեց նկատելի անկում»:
Բայդենի վարկանիշի վրա բացասաբար են անդրադառնում նաեւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման փաստը, բենզինի գնի աճը, դրամի արժեզրկման արագությունը և ԱՄՆ-Մեքսիկա սահմանին միգրանտների թվի աճը:
Բայց սոցիալական հարցում անցկացնող հաստատությունները գտնում են, որ վարկանիշի վրա ամենամեծ ազդեցությունը գործում է համավարակը: Ամերիկացիների 49,7 տոկոսը հավանություն չի տալիս այդ ուղղությամբ Բայդենի վարած քաղաքականությանը: Այս ուղղությամբ նրա կողմից իրականացված աշխատանքներին հավանություն տվող անձանց թիվը կազմում է 44,7 տոկոս: Օգոստոսի 30 -ից ի վեր նախագահի աշխատանքի նկատմամբ դժգոհություն հայտնած մարդկանց թիվը գերազանցում է հավություն հայտնածների թվին:
Դա վատ նշան է դեմոկրատների համար, քանի որ երկիրը մոտենում է 2022 թվականի միջանկյալ ընտրություններին:
Վերլուծաբան Ուիթ Այրեսի խոսքերով,«Միջանկյալ ընտրությունները սովորաբար հանրաքվե են տվյալ պահի վարչակազմի հարցով:
Սպիտակ տունը COVID-19- ի դեպքերի թվի աճի համար մասամբ մեղադրում է հանրապետականներին, որոնք ընդդիմանում էին հանրային առողջապահության բնագավառում իրականացվող միջոցառումներին: Հիշենք հանրապետականների բարձրացրած աղմուկը, երբ Բայդենի հրահանգի համաձայն պահանջվում էր, որ խոշոր հաստատություններում աշխատող բոլոր անձինք լինեն պատվաստված կամ թեստավորման ենթարկվեն պարբերաբար:
Սակայն հարցման մասնակիցներն ասում են, որ իրենց չի հետաքրքրում, թե ով է մեղավորը: Այդ առումով մեղքը միշտ էլ բարդվում է նրա վրա, ով այդ պահին է կառավարում, ասում են փորձագետները: