Մատչելի հղումներ

Չինաստանը միլիարդավոր դոլարների ներդրումներ է նախատեսում Աֆղանստանի պղնձի հանքերում


Չինաստանը նպատակ ունի միլիարդավոր դոլարների ներդրումներ իրականացնել Աֆղանստանում, եթե Թալիբանը տա իր աշխատավորների համար անվտանգության երաշխիքներ: Սակայն միջազգային համայնքին դեռեւս շատ է մտահոգում Թալիբանի կառավարումը, որը չնայած տրված խոստումներին, կանանց զրկում է իրենց իրավունքներից, իրականացնում է սպանություններ երկրի նախկին կառավարության տարիներին անվտանգության ուժերում ծառայած անձանց, հազարա ցեղախմբի անդամների:

Քաբուլում, պատասխանելով ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակցի հարցերին, Աֆղանստանի տեղեկատվության ու մշակույթի փոխնախարար Զաբիհուլլահ Մուջահիդն ասում է, թե Դաեշը` Իսլամական պետությունը մեծ խնդիր չէ Թալիբանի համար եւ որ ‘’Իսլամական Էմիրությունը’’ (այսպես են նրանք անվանում Աֆղանստանի կառավարությունը) շարունակելու է հետապնդել այդ ուժերին ու գտնել դրա արմատները:

Ինչ վերաբերում է տնտեսության ծանր վիճակին, նա ասում է, թե իրադրությունը բարելավվում է: ‘’Մենք այժմ հավաքում ենք մեր ազգային ռեսուրսները: Մեր առեւտրականները պատրաստ են ներդրումների: Սկսվել են ճանապարհաշինության աշխատանքները եւ պատրաստ ենք պայմանագրեր ստորագրել տարբեր երկրների հետ’’:

ԱՄՆ-ում Աֆղանստանի դրամական ակտիվների սառեցման մասին հարցին փոխնախարարը պատասխանում է, ասելով, թե իրենք այժմ բանակցություններ են անցկացնում ամերիկացիների հետ: ‘’Բանակցություններ են ընթանում նաեւ այլ երկրների ու միջազգային բանկերի հետ, վերադարձնելու համար այդ գումարները, քանի որ դրանք պատկանում են Աֆղանստանի ժողովրդին’’, ասել է նա:

‘’Սակայն չէ որ ԱՄՆ-ի պահանջներից մեկն Աֆղանստանում աղջիկների համար տարրական դպրոցներ բացելն է: Բացի այդ Թալիբանը խոստացել էր թույլատրել կանանց ուսումը’’: Այս հարցին ի պատասխան, Աֆղանստանի մշակույթի փոխնախարարն ասում է, թե Աֆղանստանում այդ ամենը տեղի է ունենալու իսլամական կանոններին ու օրենքների համապատասխան: ‘’Մենք այժմ այդ քաղաքականությունը մշակելու փուլում ենք’’, ասել է նա:

Զաբիհուլլահ Մուջահիդի խոսքերով, իրենք շատ են կարեւորում Չինաստանի հետ կապերը: ‘’Չինաստանն Աֆղանստանի հարեւանն է, որն ունի ուժեղ տնտեսություն: Մենք ցանկանում ենք, որ զարկ տրվի առեւտրին ու ներդրումներին, սակայն չենք կարող հանդուրժել որեւէ միջամտություն մեր ներքին հարցերին’’, ասում է նա ու նշում, որ Չինաստանի հետաքրքրությունները կենտրոնացել են Մես Այնաքի նախագծի վրա: Այստեղ են գտնվում Աֆղանստանի պղնձի ամենամեծ հանքերը եւ որտեղ Չինաստանը մտադիր է ներդնել միլիարդավոր դոլարներ: ‘’Մենք նրանց աշխատավորների համար այստեղ խոստանում ենք անվտանգություն եւ ապահովություն’’, ասում է Թալիբանի փոխնախարարը:

Ինչ վերաբերում է ընդգրկուն կառավարություն կազմելու խոստումներին, Մուջահիդն ասում է, որ կառավարության աշխատանքներին պիտի մասնակցեն էթնիկ բոլոր խմբերի ներկայացուցիչները: ‘’Այժմ նախարարների խորհրդում արդեն իսկ կան էթնիկ տարբեր խմբերի անդամներ, իսկ կառավարության կազմավորման գործընթացը դեռեւս շարունակվում է’’:

Նա հույս է հայտնում, որ Աֆղանստանի առջեւ առկա բոլոր խնդիրները հարթվելու են:

XS
SM
MD
LG