Նորվեգիայում նետ ու աղեղով հինգ մարդ սպանած անձնավորությունը իսլամ ընդունած նորվեգացի է: Ոստիկանության կողմից իրականացված հարցաքննությունը պարզել է, որ հարձակումը եղել է ահաբեկչական:
Մայրաքաղաք Օսլոյից 68 կմ հեռավորության վրա գտնվող, 28 հազար ազգաբնակչություն ունեցող Քոնգսբերգ քաղաքում չորեքշաբթի օրը իրականացված հարձակման արդյունքում կան նաեւ վիրավորներ, որոնց թվում է այդ պահին ծառայությունից դուրս գտնված մի ոստիկան: Հարձակման լուրը ստանալուց հետո երկրի ոստիկանությանը հրահանգ է իջեցվել կրել հրազեն: Այս երկրում հանցագործությունների ցածր մակարդակի պատճառով ոստիկանները զենք սովորաբար չեն կրում:
Դանիայի քաղաքացի, 37-ամյա Էսփեն Անդերսեն Բրաթենը, ըստ նախնական հարցաքննության արդյունքների, արմատականացված է եղել: Նրա մայրը դանիացի է, հայրը` նորվեգացի: Զոհերից չորսը կանայք են, մեկը տղամարդ: Բոլորը 50-ից 70 տարեկան անձինք են: Ինչպես ոստիկանության պատասխանատու սպաներն են ասում, Բրաթենին հետազոտելու են հոգեբույժները:
Ոստիկանությունը դեպքի վայր է հասել հարձակումն իրականացվելուց վեց րոպե անց, սակայն նրան որսալ հաջողվել է միայն երեսուն րոպե հետո:
Այս հարձակումը Նորվեգիայի պատմության մեջ ամենամահաբերն է Անդերս Բրեյվիկի կողմից 2011 թվականին իրականացված հարձակումից հետո, որին այն ժամանակ զոհ գնաց 77 մարդ: Հիշեցնենք, որ զոհերի մեծ մասը անչափահաս երեխաներ էին:
Չորեքշաբթի օրն իրականացված հարձակման ընթացքում, ինչպես ոստիկանությունն է հայտնում, բացի նետ ու աղեղից կիրառվել են նաեւ այլ զենքեր: Սակայն մանրամասնություններ այս մասին չեն հաղորդվում:
Հարձակումը տեղի ունեցավ վարչապետ Էռնա Սոլբերգի պահպանողական կառավարության վերջին օրվա ընթացքում: Հինգշաբթի օրն առավոտյան վարչապետի պաշտոնը ստանձնեց Յունաս Գահր Ստորան, ձախ կենտրոնամետ կոալիցայի հետ:
Նետ ու աղեղը Նորվեգիայում չի դասվում անօրինական զենք, եւ այն գնելը թույլատրված է չափահաս անձանց: Չի պահանջվում, որ այն գրանցվի: Միակ պահանջն այն է, որ նետ ու աղեղը կիրառվի մարզական նետաձգության կանոններին ու հեռաավորությանը համապատասխան: