ԱՄՆ-ում օրեցօր ավելանում է այն ընկերությունների թիվը, որտեղ բոլոր աշխատակիցները պետք է լինեն կորոնավիրուսի դեմ պատվաստված: Պատվաստումներից խուսափող աշխատակիցներն ազատվում են աշխատանքից:
Ինչպես նախագահ Ջո Բայդենն էր վերջերս հայտարարել, ‘’Միայն պատվաստվելու միջոցով մենք կհաղթենք համավարակին: Հակառակ դեպքում մեր հիվանդանոցներում կշարունակվի անվերջ քաոսը’’, ասել էր նա:
Ինչպես առողջապահության հարցերով փորձագետներն են ասում, այս որոշումները մեղմել են պատվաստումների նկատմամբ մարդկանց անվստահությունը: Նրանցից Վանդերբիլթի համալսարանի բժշկագիտական դպրոցի դասախոս Ուիլյամ Շաֆներն ասում է, որ պատվաստումների ենթարկվելն աստիճանաբար վերածվում է սոցիալական կարգի ու պատասխանատվության:
Սակայն չնայած ԱՄՆ-ի հիսուն նահանգներից կեսում ուժի մեջ է մտել պարտադիր պատվաստվելու մասին որոշումը, հանրապետական մի շարք նահանգապետեր դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ վարչակազմի, պնդելով, որ պարտադրանքը հակասում է մարդու իրավունքներին:
Իրավական հարցերով փորձագետներն էլ ասում են, որ սա ճիշտ փաստարկ չէ ՝ հաշվի առնելով այլ պատվաստանյութերի նկատմամբ առկա պահանջները, ինչպիսիք են կարմրուկը և պոլիոմիելիտը:
Ջոնս Հոփքինզի համալսարանից Ստեյսի Լին ասում է, թե պատվաստումների հարցը, որն այժմ ներկայացվում է ոչ թե որպես բժշկական, այլ որպես անձնական ազատության խնդիր, մեծապես է խոչընդոտում համավարակի դեմ պայքարին: Դրա մասին են խոսում տվյալները, որոնց համաձայն, չնայած լինելով անվճար, ԱՄՆ-ում մինչ այժմ առաջին չափաբաժինն է ստացել բնակչության միայն 65 տոկոսը:
‘’Գելափ’’-ի վերջին հարցումների համաձայն, դեմոկրատների 92 տոկոսը ստացել է առնվազն առաջին չափաբաժինը, երբ հանրապետականների շրջանում այդ թիվը կազմում է միայն 56 տոկոս:
Պատվաստումներից խուսափող անձինք ինչ որ մի տեսակ չեն նկատում, կամ էլ չեն ուզում նկատել այն փաստը, որ այս համավարակին միայն ԱՄՆ-ում զոհ է գնացել չպատվաստված ավելի քան 700 հազար մարդ: Պետք էր հաշվել, ասում են փորձագետները, թե մահացածների մեջ քանիսն էին, որոնք մինչեւ մահանալը վստահ էին, որ հիվանդությունն իրենց չէր կարող դիպչել: