Արդեն գրեթե երկու ամիս է, որ Աֆղանստանը կառավարում է Թալիբանը: Կառավարում է խիստ երաշտի, տնտեսական անկայունության եւ շարունակվող բռնությունների ներքո: Իսկ ԱՄՆ-ում շարունակում են որոնել քսան տարի վերահսկելուց հետո մի քանի օրում երկիրը թալիբներին հանձնելու բացատրությունները: Այն բանի բացատրությունը, թե ինչու ծախսված տրիլիոնավոր դոլարները ոչ մի դեր իրականում չխաղացին այստեղ:
Աֆղանստանը վերակառուցելու հարցերով գլխավոր տեսուչ Ջոն Սոփքոյի խոսքերով, ԱՄՆ-ի կառավարությունը պարզապես չհասկացավ Աֆղանստանի քաղաքական եւ մշակութային էությունը, ինչի արդյունքում վեր խոյացան իշխանության ու քաղաքական գործիչների շրջանում կոռումպացված տարրերը:
‘’Մենք տեսանք, թե ինչպես էր Աֆղանստանի կառավարությունը կազմում ոստիկանություն ու բանակ, իրական ոստիկանների ու իրական զինվորականների փոխարեն պարզապես գրանցելով անուններ, երբ նման մարդիկ գույություն չունեին’’, ասում է նա:
Սոփքոն այս հայտարարություններով էր հանդես գալիս Կոնգրեսի լսումների ժամանակ: Ինչպես հանրապետական կոնգրեսական Մայքըլ ՄաքՔոլն է ասում, սխալը եղել է նրանում, որ նախագահ Ջո Բայդենը, զորքերը լիովին կամ մասնակի հետքաշելու հարցում չի խորհրդակցել բանակի հրամանատարության հետ, որոնք խորհուրդ էին տալիս այստեղ պահպանել ինչ որ թվով ուժեր:
Իսկ դեմոկրատները պնդում են, որ այդ խնդիրը Բայդենը ժառանգել է իր հանրապետական նախորդից: Նրանք հիշեցնում են, որ Դոնալդ Թրամփն ու պետքարտուղար Մայք Փոմփեոն էին Թալիբանի հետ կնքել գործարք, ինչը տարավ դեպի դեպքերի նման զարգացում:
Վերլուծաբաններից Մայքըլ Օհենլոնի խոսքերով, Բայդենի վարչակազմն ուներ մի քանի տարբերակ, որպեսզի ԱՄՆ-ի դաշնակից հազարավոր աֆղանստանցիներ չմնային Աֆղանստանում եւ որ այդ օրերին այստեղ չզոհվեր ամերիկացի 13 զինվորական: Նա հիշեցնում է, որ Թալիբանը դեռեւս Թրամփի օրոք էր ապացուցել, որ իշխանությունը բաժանելու հարցում փոխզիջումների պատրաստ չէ գնալ Աշրաֆ Ղանիի կառավարության հետ, ինչը կնքված պայմանագրի ոտնահարում էր: ‘’Այնպես որ, Բայդենը կարող էր հայտարարել, որ եթե դուք չեք հարգում պայմանագրի կետերը, մենք նույնպես չենք հարգելու դրանք’’, ասում է նա ու պնդում, որ այդ դեպքում Թալիբանը կենթարկվեր իշխանությունը բաժանելու պահանջին:
Հանրապետական յոթ սենատորներր այս շաբաթասկզբին ներկայացրին մի բանաձեւ, որը կոչ է անում սկսել հատուկ հետաքննություն, գնահատելու համար, թե ինչպես է Բայդենի վարչակազմը իրականացրել Աֆղանստանից ԱՄՆ-ի հետքաշումը: