Մատչելի հղումներ

“Pfizer”-ի արդյունավետությունն անկում է գրանցում, սակայն պաշտպանում է վարակվածներին ծանր դեպքերից


Կորոնավիրուսի դեմ Pfizer Inc/BioNTech ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը երկրորդ չափաբաժինը ստանալուց վեց ամիս անց 88-ից անկում է ապրել 47 տոկոսի: Այս տվյալը հրապարակվել է ‘’Lancet’’ բժշկագիտական հանդեսում: Այս տվյալն է դարձել պատճառ, որ ԱՄՆ-ի առողջապահական գործակալությունները որոշել են սկսել երրորդ` խթանիչ չափաբաժնի ներարկումները:

Նույն տվյալների համաձայն, սակայն, պատվաստված անձանց 90 տոկոսի մոտ չի նկատվում հոսպիտալացվելու կարիք: Պատվաստված անձանց 90 տոկոսի մոտ չեն գրանցվում մահվան դեպքեր: Խոսքը վերաբերում է նաեւ Դելտա անվանումը ստացած ենթատեսակով վարակվելուն:

Pfizer-ի եւ Kaiser-ի հետազոտական խմբերն ուսումնասիրել են անցած ութ ամիսների ընթացքում ավելի քան երեք միլիոն մարդկանց տվյալները: Պարզվել է, որ Pfizer-ի պատվաստանյութի արդյունավետությունը Դելտայի դեպքում կազմում է 93% առաջին ամսվա ընթացքում եւ 53%` չորս ամիս անց:

Այլ ենթատեսակների համար արդյունավետությունն անկում է գրանցել 97-ից 67 տոկոսի:

Արդյունավետության անկումը, ըստ հետազոտող խմբի եզրակացության, պատվաստանյութի աստիճանաբար թուլացող հատկությունն է, այլ ոչ թե նոր ենթատեսակների գրոհը:

ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը Pfizer-ին տվել է տարեց ու տարբեր հիվանդությունների պատճառով ռիսկային գոտում գտնվող մարդկանց երրորդ չափաբաժնով պատվաստելու արտոնություն: Գիտնականներն այժմ փորձում են պարզել, թե արդյոք հարկավոր է խթանիչ չափաբաժինը տալ մյուսներին, թե ոչ:

XS
SM
MD
LG