Մատչելի հղումներ

Ամերիկյան փորձագետները` «Հյուսիսային հոսք 2» -ի հեռանկարների վերաբերյալ


Ըստ Անդերս Օսլունդի, եթե հաղթահարվի նախագահի վետոն պաշտպանական բյուջեի մասին օրենքի նախագծում, ապա գազատարի շահագործումն անհնար կդառնա

Ռուսաստանի «Հյուսիսային հոսք 2» կոնսորցիումը երկուշաբթի օրը հայտնեց, որ ավարտել է Գերմանիայի ջրերում գազատարի կառուցումը: Ռուսաստանը վստահություն է հայտնել, որ նախագիծը շուտով կավարտվի: Ամերիկացի փորձագետները, սակայն, կարծում են, որ եթե Սենատում հաղթահարվի պաշտպանության ծախսերի մասին օրինագծի վետոն , որը կիրառել է նախագահ Թրամփը, ապա գազատարը չի շահագործվի ընդհանրապես:

ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով շինարարությունը դադարեցվել էր 2019-ի դեկտեմբերին: 2020 թ-ի նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ կվերսկսվեն գրեթե երեք կիլոմետրանոց հատվածի խողովակաշարի կառուցման ստորջրյա աշխատանքները Գերմանիայի տնտեսական գոտում:

«Կառուցման ձգձգումը պայմանավորված էր պատժամիջոցներով. արևմտյան ընկերությունները դուրս եկան նախագծից, քանի որ վախենում էին, որ ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ կկիրառեր իրենց նկատմամբ: Ռուսաստանն այստեղ բերեց իր նավերն ու աշխատակիցներին, և նրանք վերսկսեցին գազատարի կառուցումը: Մնացած վերջին փուլը մի հատված է, որը գտնվում է Դանիայի ջրերի մոտ, և, կարծես, շուտով կավարտվի», - ասում է Հադսոնի ինստիտուտի փորձագետ Ռիչարդ Վեյցը:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Անդերս Օսլունդն իր հերթին կարծում է, որ Գերմանիայի տարածքային ջրերում «Հյուսիսային հոսք 2»-ի ավարտին պետք չէ մեծ նշանակություն տալ:

«Կարևորը Դանիայի ջրերում 100 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի կառուցումն է: Ինչպես գիտեք, այս աշխատանքը կսկսվի հունվարի կեսերին: Եթե Սենատը հաղթահարի նախագահի վետոն պաշտպանության մասին օրինագծի հարցում, ապա ապահովագրական կամ սերտիֆիկացնող ընկերությունների համար անհնար կդառնա աշխատել «Հյուսիսային հոսք 2» -ի հետ», - նշում է Օսլունդը:

Այս ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, թե իր կարծիքով, Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարի պատանդ են դարձել, և չի կարելի հույս կապել ամերիկյան վարչակազմի փոփոխության հետ:

«Ցավոք, չկան հուսադրող հիմքեր ԱՄՆ-ի հետ հետընթաց ապրող հարաբերությունների արագ բարելավման կամ նույնիսկ կայունացման համար», - ասել է Լավրովը ‘’ՌԻԱ Նովոստի’’-ին տված հարցազրույցում:

Ռուսական դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ «Ամերիկայում գլուխ բարձրացրած հակառուսական հիստերիան քիչ շանսեր է թողնում հարաբերությունները բնականոն հունի մեջ վերադարձնելու համար»:

«Մեր երկխոսությունը դարձել է ամերիկյան ներքին քաղաքական պայքարի պատանդ, ինչը, իհարկե, չի նպաստում կառուցողական համագործակցության հաստատմանը», - ավելացրել է նախարարը:

Վաշինգտոնն իր հերթին կարծում է, որ Մոսկվայի ագրեսիվ քաղաքականությունը խոչընդոտում է երկկողմ հարաբերությունների բարելավմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG