Մատչելի հղումներ

Կոնգրեսականներն առաջարկում են հավելյալ օգնություն տրամադրել Հայաստանին


Միացյալ Նահանգների Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիըրը, ելույթ ունենալով 2020 թվականի արտաքին օգնության օրինագծի շուրջ Կոնգրեսի քննարկումներին, առաջ է քաշել կոնգրեսականներ Ֆրենք Փալոնի և Ադամ Շիֆի աջակցությամբ օրինագծում փոփոխություններ անելու նախագիծ:

Կոնգրեսականն առաջարկում է մեծացնել Հայաստանին տրամադրվող արտաքին օգնությունը հավելյալ 40 միլիոն դոլարով` երկրում ժողովրդավարության ամրապնդման ծրագրերի համար:

«Հավելյալ 40 միլիոն դոլարի տրամադրումը մի փոքր աջակցություն է մի երկրի, որն ինքնուրույն կառուցել է ժողովրդավարություն»,- ասել է կոնգրեսական Սփիըրը:

Կոնգրեսականը կարևորում է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո օգնության տրամադրումը՝ ժողովրդավարության ամրապնդման համար: Դրա համար անհրաժեշտ են հավելյալ միջոցներ, նշում է նա:

«Հայաստանն ունի եզակի հնարավորություն՝ ամրապնդելու և զարգացնելու իր ձեռքբերումները ժողովրդավարության ամրապնդման գործում»,- հայտարարել է կոնգրեսականը:

Իր հերթին Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Նիտա Լոյին իր խոսքում շնորհակալություն է հայտնել այս հարցի բարձրաձայնման համար՝ ընդգծելով Հայաստանում ժողովրդավարական զարգացումների կարևորությունը:

«Այն առաջընթացը, որը Հայաստանը գրանցել է դեպի ժողովրդավարություն թարմ շունչ է հաղորդում բոլորիս, երբ այսօր մեծաթիվ երկրներ են շարժվում հակառակ ուղղությամբ »,- ասել է կոնգրեսական Լոյին:

Նա ընդգծել է, որ պատրաստ է աշխատանք տանել Հայաստանին անհրաժեշտ միջոցներ տրամադրելու ուղղությամբ:

Առաջարկին դեմ է հանդես եկել հատկացումների հանձնաժողովի բարձրաստիճան հանրապետական կոնգրեսական Հոլ Ռոջերսը, որն ասել է, թե նման միջոցների տրամադրումը կարող է վտանգել մյուս կարևոր գործընկերներին հատկացվող օգնությանը, որոնք առերեսվում են Ռուսաստանի ագրեսիայի հետ:

Կոնգրեսական Սփիըրի փոփոխությունների նախագծի շուրջ քվեարկությունն ամենայն հավանականությամբ կկայանա հաջորդ շաբաթ:

Արտաքին օգնության օրինագծի շուրջ քննարկումներին առաջ է քաշվել նաև Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին 1,5 միլիոն դոլար տրամադրելու փոփոխությունների նախագիծ դեմոկրատ կոնգրեսական Թիջեյ Քոքսի հեղինակությամբ: Այն վայելում է կոնգրեսականներ Ֆրենք Փալլոնեի, Ջեքի Սփիեռի ու Ադամ Շիֆի աջակցությունը: Անդրադառնալով նախագծին իր ելոիյթում՝ կոնգրեսական Քոքսն ընդգծեց, որ, ըստ ականազերծմամբ զբաղվող HALO Trust կազմակերպության տվյալների, վերջին տասնամյակներում Լեռնային Ղարաբաղում ականների պատճառով գրանցվել է 400 զոհ, որն ըստ նրա, մեկ շնչի վրա ընկած հաշվարկով զոհերի ամենաբարձր ցուցանիշներից է: Նրանց զգալի մասը երեխաներ են:

«Հարգելի խոսնակ, ընտանիքներն ու երեխաները չպետք է ապրեն այսպես՝ վախենալով ականների հետ կապված պատահարներից»,- հայտարարել է կոնգրեսականը:

Այս օրինագծին ևս դեմ է հանդես եկել հանրապետական կոնգրեսական Հոլ Ռոջերսը:

Կոնգրեսական Քոքսի նախագիծը ընդգրկվել է մի շարք այլ փոփոխությունների առաջարկությունների փաթեթի մեջ: Ամբողջ փաթեթը քվեարկության կդրվի հաջորդ շաբաթ:

Facebook Forum

XS
SM
MD
LG