Իրանի նախագահը հայտարարել է միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին, որին ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրանական մետաղների արտադրության ոլորտի դեմ նոր պատժամիջոցներ է ընդունել: Ամերիկյան կողմը նաեւ ի պատասխան Իրանի կողմից սպառնացող վտանգի՝ Մերձավոր Արեւելք նոր զորախումբ է ուղարկում: Պետքարտուղար Փոմփեոն իր կողմից ընդգծում է, որ Թեհրանի հայտարարություններն անորոշ են.
«Նրանք մի քանի հայտարարություններ են արել, սպառնալով աշխարհին: Եկեք տեսնենք, թե իրականում ինչ են ձեռնարկելու»:
Իրանի հետ միջուկային գործարքի մյուս գործընկերները կոչ են անում Թեհրանին չխախտել այն.
«Կոչ ենք անում լավ մտածել գործարքը խախտելուց առաջ, քանզի դա ոչ ոքի շահերից չի բխում: Եթե նրանք միջուկային զենք ձեռք բերեն, նրանց հարեւանները կանեն նույնը», - հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը:
Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Իրանի ղեկավարությունը ֆինանսական մեկուսացման մեջ է եւ որ գործարքից մեկ տարի առաջ դուրս եկած Վաշինգտոնը պատրաստ է նոր գործարքի շուրջ բանակցել, եթե Թեհրանը գործի միջազգային նորմերի սահմաններում:
Ռուսաստանն իր կողմից մեղադրել է Միացյալ Նահանգներին Իրանը բարդ դրության մեջ դնելու մեջ եւ կոչ արել եվրոպական գործընկերներին հավատարիմ մնալ գործարքին:
Facebook Forum