ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն ավարտվեցին Դոնալդ Թրամփի հաղթանակով, Փաստ, որը ԱՄՆ-ի հասարակության մի մասին անսպասելի անակնկալի բերեց։
Այս փաստը հաճելի անակնկալ էր Թրամփի աջակիցների համար։
Ընտրությունները, որոնք սկզբունքային հարցերում բաժանել են ամերիկյան հասարակությանը, բազմաթիվ հրատապ հարցեր են բարձրացնում ամերիկյան քաղաքական դաշտում։ Մինչդեռ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի առաջնային խնդիրը հասարակության միավորումն է լինելու։
Այժմ ժամանակն է, որ Ամերիկան կազդուրի բաժանարար վերքերը, որ միասնություն ցուցաբերվի: Ժամանակն է, որ բոլոր հանրապետականները, դեմոկրատները, բոլորը միասնություն ցուցաբերեն որպես մեկ ընդհանուր պետություն: Ես երաշխավորում եմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն, որ կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը, դա ինձ համար չափազանց կարեւոր է: Նրանց բոլորին, ովքեր իրենց ձայնն իմ օգտին չեն տվել, ես դիմում եմ ձեր խորհրդի եւ օգնության ակնկալիքով, որպեսզի միասին աշխատենք եւ միավորենք մեր հզոր երկիրը:
Թրամփի ելույթից րոպեներ առաջ հեռախոսային զանգով վերջինիս շնորհավորել էր Հիլարի Քլինթոնը։ Թրամփը իր հաղթական ելույթը սկսեց Հիլարի Քլինոնին ուղղված շնորհակալական խոսքով, արժանապատիվ մրցապայքար վարելու համար։ Թրամփը իր ելույթը շարունակեց Ամերիկան կրկին հզոր դարձնելու իր հայտնի կարգախոսով։
՛՛Աշխատելով միասին, մենք կիրականացնենք մեր ազգի վերակառուցման եւ ամերիկյան երազանքի վերաիմաստավորման սպասված խնդիրը: Ես իմ ամբողջ կյանքը բիզնեսի ոլորտում զբաղվել եմ նախագծերի եւ մարդկանց մեջ թաքնված ներուժի բացահայտմամբ: Հենց դա եմ ցանկանում անել այսօր մեր երկրի համար: Մեր երկիրն ունի հսկայական ներուժ: Յուրաքանչյուր ամերիկացի լիարժեք կայացման հնարավորություն կունենա: Մեր երկրի մոռացված քաղաքացիներն այլեւս մոռացված չեն լինի՝՝:
Իսկ ի՞նչ կանխատեսումներ են անում փորձագետները Թրամփի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ըստ Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդի փորձագետ Սթիվըն Բլանքի, Թրամփի հաղթանակը նշանակում է Ռուսաստանի ավելի մեծ ազդեցություն Կովկասյան տարածաշրջանում։
՛՛Հնարավոր է, որ Թրամփը թողնի Կովկասը Ռուսաստանի ազդեցության տակ: Ես ասում եմ, որ նրանք կփորձեն պայմանավորվածության գալ, սակայն, չկա երաշխիք, որ նրանց դա կհաջողվի՝՝:
Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին, Բլանքը չի ակնկալում Թրամփի մեծ ուշադրությունն այս խնդում։
՛՛Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահ է եւ դեսպան Ուորլիքը շարունակում է այդ ուղղությամբ աշխատել: Կարծում եմ դա կշարունակվի, սակայն, ես չէի ակնկալի մեծ հետաքրքրություն խնդրի նկատմամբ՝՝:
Սակայն ըստ փորձագետների, արտաքին քաղաքականությանն անցնելուց առաջ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը իր ուշադրությունը նախ կսեւեռի ներքին խնդիրներին: