Մատչելի հղումներ

 
«Միգրանտների դրամական փոխանցումներն օտարերկրյա օգնությունից էլ կարևոր են»

«Միգրանտների դրամական փոխանցումներն օտարերկրյա օգնությունից էլ կարևոր են»


Համաշխարհային բանկի տվյալներով, աշխատանքային միգրանտների կողմից կատարվող դրամական փոխանցումները կազմում են որոշ պետությունների ՀՆԱ-ի գրեթե կեսը

Աշխատանքային միգրանտների կողմից իրենց հայրենիքում մնացած ընտանիքներին հասցեագրված դրամական փոխանցումները շատ ավելի կարևոր են, քան օտարերկրյա օգնությունը:

Նման եզրակացություն է արվել Համաշխարհային բանկի կողմից հրապարակված նոր հետազոտության մեջ, որտեղ ներկայացված գնահատականների համաձայն աշխատանքային միգրանտների կողմից այս տարի կատարվող դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կավելանա 6,3 տոկոսով:

Սպասվում է, որ այս տարի զարգացող երկրներից միգրանտներն իրենց հայրենիք կուղարկեն մոտ 414 միլիարդ դոլար, իսկ մինչև 2016 թվականն այս ցուցանիշը կարող է գերազանցել 500 միլիարդ դոլարը:

Այսպիսով, դրամական փոխանցումներից ստացվող միջոցները գրեթե չորս անգամ գերազանցում են օտարերկրյա պաշտոնական օգնության ծավալները, որը, ըստ ՄԱԿ-ի գնահատականների, տարեկան կազմում է մոտ 126 միլիարդ դոլար:

Ներկայում աշխարհի բոլոր երկրներ, ներառյալ զարգացած երկրները, աշխատանքային միգրանտների կողմից փոխանցվող գումարների ծավալը կազմում է գրեթե 549 միլիարդ դոլար:

Աշխարհում միգրանտների կողմից փոխանցվող գումարների ստացողների հիմնական մասը բնակվում է Հնդկաստանում (71 միլիարդ դոլար), որին հետևում են Չինաստանը (60 միլիարդ դոլար), Ֆիլիպինները (26 միլիարդ դոլար), Մեքսիկան (22 միլիարդ դոլար), Նիգերիան (21 միլիարդ դոլար) և Եգիպտոսը (20 միլիարդ դոլար):

Որոշ պետությունների համար, ըստ Համաշխարհային բանկի հետազոտության, աշխատանքային միգրանտների կողմից իրենց հայրենիք ուղարկվող գումարները վճռական նշանակություն ունեն: Այսպես, Տաջիկստանում նման գումարները կազմում են ՀՆԱ-ի գրեթե կեսը, Ղրղզստանում այս ցուցանիշը կազմում է 31%, , Լեսոտոյում և Նեպալում՝ 25%, Մոլդովայում՝ 24%:

Համաշխարհային բանկի հետազոտությունը վկայում է այն մասին, որ դրամական փոխանցումների աճ է գրանցվում ամբողջ աշխարհում՝ բացառությամբ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների, որոնց վրա ազդեցություն է գործել ԱՄՆ-ում գրանցված տնտեսական անկումը:
XS
SM
MD
LG