Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի կարողությունը կարող է գերազանցել 7 միլիոն դոլարը


Հրապարակվել են Միացյալ Նահանգների նախագահի և փոխնախագահի ֆինանսական հայտարարագրերը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կարողությունը գնահատվում է 1,95-ից մինչև 7,15 միլիոն դոլար, որոնցից 1-ից մինչև 5 միլիոն դոլար պահվում է պետական պարտատոմսերի տեսքով:

Այս մասին ասված է ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից հրապարակված ֆինանսական հայտարարագրերում:

Նախագահ Օբաման և ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման այս տարվա ապրիլին տեղեկացրել են, որ անցյալ տարի իրենց համախառն եկամուտը կազմել է մոտ 503 հազար դոլար, ընդ որում նախագահ Օբամայի աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար:

ԱՄՆ-ի նախագահի ֆինանսական հայտարարագրում նշված է, որ իր լրացուցիչ եկամուտները կազմել են 180-ից մինչև 482 հազար դոլար, որոնք նախագահ Օբաման ձեռք է բերել ներդրումների և գրքերի հրապարակումներից ստացված հոնորարներից:

Նախագահ Օբաման տեղեկացրել է նաև, որ վճարումներ է կատարում 30 տարով վերցված տարեկան 5,625 տոկոսադրույքով հիպոտեկային վարկով, որն օգտագործվել է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տուն ձեռք բերելու համար, և կատարում է նաև կենսաթոշակային կուտակումներ՝ Իլինոյս նահանգի գլխավոր ասամբլեայի և Չիկագոյի համալսարանի կենսաթոշակային պլանների պայմանների համաձայն:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է, որ իր կարողությունը կազմում է 239-ից մինչև 850 հազար դոլար: Փոխնախագահի տարեկան աշխատավարձը կազմում է 230,7 հազար դոլար:
XS
SM
MD
LG