Մատչելի հղումներ

«Ամեն ինչ պատրաստ է Սոչիի օլիմպիական խաղերին մեկնարկի համար». ՄՕԿ-ի նախագահ


Թոմաս Բախը սակայն համոզվածություն է հայտնել, որ Ռուսաստանը լավ է պատրաստվել անվտանգության ապահովման իր պարտականության իրականացմանը

Սոչիում 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի ժամ առաջ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
Թոմաս Բախն ասել է, որ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող 87 պետություն ներկայացնող մարզիկների համար «ստեղծված են բոլոր պայմանները»:

«Մենք անհամբեր սպասում ենք Օլիմպիական խաղերի մեկնարկի արարողությանը: Ամեն ինչ պատրաստ է, մարզիկներն արդեն կենտրոնացել են իրենց մրցումների վրա: Նրանք նույնպես անհամբեր սպասում են օլիմպիական կրակը վառելու արարողությանը», - ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը:

Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ ՄՕԿ-ի նախագահը հերքել է լրագրողների կողմից արված այն ենթադրությունները, որոնց համաձայն Սոչիի օլիմպիական խաղերը դարձել են առաջին օլիմպիական խաղերը, որոնց անցկացման դեմ հստակ սպառնալիքներ են հնչեցվել ահաբեկիչների կողմից:

«Սպառնալիքներ էին հնչեցվել նաև Սիդնեյում, Աթենքում, Սոլթ Լեյք Սիթիում անցկացված օլիմպիական խաղերի հասցեին: Ցավոք, այսօր մենք ապրում ենք այն աշխարհում, որտեղ միջազգային ցանկացած խոշոր միջոցառում ուղեկցվում է սպառնալիքներով», - նշել է ՄՕԿ-ի նախագահը՝ շեշտելով, որ օլիմպիադայի ընթացքում անվտանգության ապահովման պատասխանատվությունն ամբողջությամբ դրվում է ընդունող կողմից վրա:

Թոմաս Բախը սակայն համոզվածություն է հայտնել, որ Ռուսաստանը լավ է պատրաստվել անվտանգության ապահովման իր պարտականության իրականացմանը:

ՄՕԿ-ի նախագահը, բացի այդ, նշել է, թե «հանգիստ» է վերաբերվում այն հանգամանքին, որ Արևմուտքի մի շարք պետությունների նախագահները հրաժարվել են Սոչիի օլիմպիական խաղերն այցելելուց՝ հավելելով, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն դեմ է Խաղերի քաղաքականացմանը:

Պատասխանելով Մեծ Բրիտանիայի «Բի-Բի-Սի» լրատվական գործակալության լրագրողի այն հարցին, թե արդյոք ՄՕԿ-ը մտավախություն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմրի Պուտինի կողմից Սոչիի օլիմպիադան քարոզչական նպատակներով օգտագործելու մասին՝ Թոմաս Բախն ասել է, որ օլիմպիական կանոնադրության՝ խարտիայի մեջ հստակ նշված է, որ Խաղերի բացման արարողությանը ընդունող երկրի նախագահը կարող է արտասանել ընդամենը մեկ արտահայտություն [Խաղերը բաց հայտարարել], և հույս է հայտնել, որ օլիմպիական խարտիայի դրույթները կպահպանվեն:

Լրագրողների ևս մեկ հարց վերաբերվում էր մարզիկների կողմից քաղաքական ժեստերը կանոնակարգող կանոններին: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը բացատրել է, որ մամուլի ասուլիսների ժամանակ մարզիկները կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը ցանկացած հարցի շուրջ, սակայն մրցումների ժամանակ պետք է զերծ մնան քաղաքական ժեստերից: Բախի համաձայն, մարզիկների մեծամասնությունը գիտակցում է, որ եթե մարզադաշտերը քաղաքական բանավեճերի հարթակների են վերածվում, ապա մարզական միջոցառումը դադարում է այդպիսին լինելուց:

ՄՕԿ-ի նախագահը շեշտել է նաև, որ Կոմիտեն դեմ է հանդես գալիս խտրականության բոլոր ձևերին, ներառյալ սեռական ուղղվածության հիմքերով խտրականությանը: Նա սակայն հրաժարվել էր պատասխանելուց այն հարցին, թե արդյոք խտրական է համարում Ռուսաստանում «համասեռական քարոզչությունը» արգելող օրենքը՝ նկատելով, որ ՄՕԿ-ը «վերազգային կառավարություն չէ, որը կարող է իր կարծիքները թելադրել ինքնիշխան պետություններին»:
XS
SM
MD
LG