Հոկտեմբերի 12ը հիշարժան օր է Քրիստափոր Կոլումբոսի այսպես կոչված «Նոր Աշխարհի» հայտնության շնորհիվ: ԱՄՆ-ում Իտալական համայնքը նշում է այս տոնը մեծ շուքով, քանի որ Կոլումբոսը բացի մեծ հայտնագործող լինելուց, նաև իտալացի էր:
Իտալիայի ամերիկյան հիմնադրամի նախագահ Ջոն Վիոլան ասում է,- «Այս տոնը մեզ հնարավորություն է տալիս նշելու երկրի հայտնագործմանը նպաստելու մեր ջանքերը: Իմ կարծիքով, ամերիկացիների համար Կոլումբոսի օրը առիթ է, նշելու ներգաղթյալների երկիր ԱՄՆ-ի տոնը»։
Չնայած այն հանգամանքին, որ շատերի կարծիքով Կոլումբոսը մեծ հայնտնագործող էր, ոմանք դեմ են նրա ժառանգությանը: Ջորջ Մեյսոնի համալսարանի պատմության դասախոս Ջո Ջենեթին-Փիլավայի խոսքերով, Կոլումբոսը ստրկացրել է մեծ թվով բնիկ ամերիկացիների, բացի այդ, հարյուր հազարավոր տեղաբնիկներ մահացել են եվրոպացիներից վարակված տարբեր հիվանդությունների պատճառով:
Ջո Ջենեթին-Փիլավան ասում է,- «1492 - 1502 թվականների ընթացքում Բահամյան կղզիների տարածքի տեղաբնիկ թաինո ցեղախմբի բնակչության թիվը, մեր հաշվարկներով մեկ միլիոնից իջել է հինգ հարյուրի»:
Ամերիկյան հնդկացիների Ազգային Համագումարի տնօրեն Ռոբերտ Հոլդենի խոսքերով, Կոլումբոսի պատմությունը խեղաթյուրված է:
Ռոբերտ Հոլդենը ասում է,- «Տեղաբնիկ ցեղախմբերը միշտ կասկածամտորեն են վերաբերվել այն բանին, թե ինչպես է պատմությունը ներգաղթյալների կողմից ներկայացվել ոչ տեղաբնիկներին»:
Ջորջ Մեյսոնի համալսարանի պատմության դասախոս Դեյվիդ Սիլվերմանի խոսքերով, հանրությանը պետք է ներկայացվի Ամերիկա մայրցամաքների հայտնաբերման լիարժեք պատմությունը:
Դեյվիդ Սիլվերմանն ասում է,- «Իմ կարծիքով մենք չենք կարող կենտրոնանալ Կոլումբոսի պատմության միայն մի հատվածի վրա և բաց թողնել մյուսը»:
Ոմանց կարծիքով Քրիստափոր Կոլումբոսի տոնակատարության անվանումը պետք է պետականորեն փոխվի «Տեղաբնիկ Մարդկանց Օր» անվանումով։ Մինչդեռ ոմանք էլ ասում են, որ տեղաբնիկ ամերիկացիները պետք է իրենց տոնը նշեն մեկ այլ օր: