Մատչելի հղումներ

Ռուսաստանի քաղաքացիները սկսում են գիտակցել Պուտինի կոռումպացվածության աստիճանը. ԱՄՆ-ի սենատոր


Ռուսաստանի քաղաքացիները սկսում են գիտակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոռումպացվածության աստիճանը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Բոբ Քորքերը:

«Կարծում եմ, մեր ժամանակներում սա առաջին անգամն է, որ Ռուսաստանի քաղաքացիները սկսում են գիտակցել, որ ունեն առաջնորդ, որը հսկայական անձնական հարստություն է կուտակել, եւ կարծում եմ, սա Ռուսաստանում լրացուցիչ անկայունություն է ստեղծելու», - նշել է նա:

Սենատորի խոսքով, անվտանգության համակարգից կառավարություն եկած Պուտինի նման անձն արդար ճանապարհով չէր կարող հսկայական հարստություն կուտակել:

«Ռուսաստանի ավելի ու ավելի բնակիչներ են հասկանում, որ իշխանության ղեկին գտնվելիս, այս անձը միլիարդավոր դոլարների հասնող անձնական հարստություն է կուտակել», - նշել է սենատորը:

Բոբ Քորքերի խոսքով, Պուտինի կոռումպացված լինելու խնդիրը ապակայունացնելու է Ռուսաստանի վարչակարգը: Հիշեցնենք, որ պաշտոնական Կրեմլը հերքում է Պուտինի դեմ կոռուպցիայի բոլոր մեղադրանքները:

Անդրադառնալով Իրանի հետ կնքված միջուկային ծրագրի շուրջ գործարքին՝ Քորքերը հիշեցնում է, որ Հանրապետական կուսակցության բազմաթիվ մյուս անդամների օրինակով դեմ է եղել նախագահ Օբամայի այդ նախաձեռնությանը, քանի որ համոզված չէ, որ Իրանը պահպանելու է գործարքի իր պարտավորությունները եւ չի փորձելու միջուկային զենք ստեղծել:

Միեւնույն ժամանակ, Քորքերն ընդգծել է, որ Իրանի նկատմամբ չափազանց մեծ զիջումների են գնում ոչ միայն Միացյալ Նահանգները, այլեւ՝ գործարքի մյուս մասնակից երկրները: Այսպես, Իրանի կողմից ՄԱԿ-ի պահանջները խախտելուց եւ բալիստիկ հրթիռների կառուցման ծրագիրն իրականացնելուց հետո դաշնակիցներից եւ ոչ մեկը որեւէ կոշտ պատժամիջոցն Թեհրանի դեմ չի ընդունել.

«Դաշնակիցները չեն պատրաստվում կոշտ քայլերի դիմել: Եվրոպան չափից շատ տնտեսական շահեր ունի, Ռուսաստանը հետաքրքրված է իր զենքերը վաճառելու մեջ, իսկ Չինաստանը՝ նավթի», - նշել է սենատորը:

Սենատորի խոսքով, ստեղծված պայմաններում ԱՄՆ-ի Սենատին անհրաժեշտ է մնալ աչալուրջ եւ կոշտ արձագանքել Իրանի կողմից ցանկացած խախտումների:

XS
SM
MD
LG