Մատչելի հղումներ

Գլխավոր թեկնածու Դոնալդ Թրամփը չմասնակցեց ԱՄՆ-ի հանրապետական վերջին բանավեճին


ԱՄՆ-ի նախագահի ընտրապայքարում հանրապետական կուսակցության հավակնորդներից Դոնալդ Թրամփը, որը մինչ օրս անցկացված հարցումների արդյունքում ունի ամենամեծ թվով աջակիցներ, որոշեց չմասնակցել, ավելի ճիշտ՝ բոյկոտեց հինգշաբթի օրվա բանավեճը։ Նա, ՝՝կողմնակալ՛՛ անվանելով ՝՝Ֆոքս Նյուզ՛՛ հեռուստաընկերության լրագրող Քելլիին՝ պահանջում էր, որ այս անգամ բանավեճն անցկացներ մեկ այլ լրագրող։ Ու քանի որ ընկերությունը հրաժարվեց ընդունել նրա պահանջը, Թրամփը, որը վայելում է Այովա նահանգի ընտրողների մոտ մեկ երրորդի աջակցությունը, այստեղ անցկացրեց առանձին մի հավաք՝ նվիրված պատերազմի վետերաններին։

՝՝Երբ քեզ վատ են վերաբերվում, ստիպված պիտի գործեց ինքնուրույն՛՛, հայտարարում էր Թրամփը։

Բանավեճի ընթացքում Թրամփի բացակայությունը մյուս 7 հավակնորդներն օգտագործեցին նրան հեռակա կերպով երգիծանքի ենթարկելու համար։
Օրինակ սենատոր Թեդ Քրուզը մեջբերեց Թրամփի օգտագործած բառերն ու արտահայտությունները.

՝՝Ես մանիակ եմ ու այստեղ բոլոր ներկաները հիմարներ են, գեր ու տգեղ, իսկ Բեն Քարսոնը՝ սարսափելի վիրաբույժ՛՛։

Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշ էլ ասում էր, թե ինքն այսօր շատ է կարոտում Թրամփին։

Սակայն պետք է ասել նաեւ, որ Թրամփի բացակայությունը մնացյալ հավակնորդներին տվեց քաղաքական իրենց հայացքների մասին ավելի ազատ ու ավելի զուսպ արտահայտվելու հնարավորություն։ Հիմնականում խոսքը գնաց անօրինական փախստականների մասին, երբ Մարկո Ռուբիոն քննադատում էր Թեդ Քրուզին, վերջինս՝ Բեն Քարսոնին, ով ասում էր.

՝՝Եթե ձեր տուն տասը մարդ է գալիս, որոնցից մեկը ահաբեկիչ է, դուք հավանաբար բոլորին էլ դուրս կհրավիրեք տնից՛՛։

Դաեշի դեմ պայքարը քննարկման թեմաներից մյուս ամենակարեւորն էր։ Թեդ Քրուզի խոսքերով, ավելի լավ է հարկավոր կազմակերպել պայքարը, որպեսզի Ամերիկան այլեւս ցամաքային մարտական գործողությունների չուղարկի իր տղաներին ու աղջիկներին։

Ջեբ Բուշը գտնում է, որ.՝՝Հարկավոր է զինել քրդերին ու ավելի սերտ կապեր հաստատել սուննի ցեղապետերի հետ՛՛։

Հավակնորդներից Ռենդ Փոլի խոսքերով, հարկավոր չէ ռմբակոծել պատերազմի երկու կողմերին։

՝՝Եթե պարտության մատնեք Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, արդյունքում մեր առջեւ կմնա ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումը՝ ավելի մեծ, ավելի ուժեղ ու ավելի լայնածավալ տարածքներով՛՛։

Վերադառնալով Թրամփին, հարկ է նշել, որ ըստ ՝՝Գուգըլ՛՛ ինտերնետային ծառայության, չնայած բացակայությանը, Թրամփի անունով ինտերնետային որոնումների թիվը նկատելիորեն գերազանցել է մյուս թեկնածուների անուններով որոնումների թվին։

Այովա նահանգում ընտրողները երկուշաբթի օրն արդեն պիտի որոշեն, թե հանրապետական ու դեմոկրատական կուսակցություններից որ հավակնորդներին են ընտրում որպես նախագահական թեկնածու։ Սակայն, եթե Այովայի ընտրաժողովի ընտրություններում Թրամփը կրի պարտություն, կապացուցի, թե որքան մեծ սխալ է եղել վերջին այս բանավեճից հրաժարվելու իր որոշումը։

XS
SM
MD
LG