Մատչելի հղումներ

«Human Rights Watch» կազմակերպությունը հրապարակել է մարդու իրավունքների խախտումների մասին տարեկան զեկույցը


«Human Rights Watch» կազմակերպությունը հրապարակել է մարդու իրավունքների խախտումների մասին տարեկան զեկույցը
«Human Rights Watch» կազմակերպությունը հրապարակել է մարդու իրավունքների խախտումների մասին տարեկան զեկույցը

«Human Rights Watch» միջազգային կազմակերպության 659 էջանոց «Աշխարհում ազատության մակարդակի 2Օ16 թվականի զեկույցը» անդրադառնում է ավելի քան 90 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդրին:

«Աշխարհում ազատության մակարդակի 2Օ16 թվականի զեկույցի» նախաբանը սկսվում է «Human Rights Watch» միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթի հետևյալ գրառմամբ,- «Մերձավոր Արևելքում ահաբեկչության վտանգի տարածումն ու փախստականների հոսքը պատճառ հանդիսացան, մի շարք երկրների կառավարությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումների համար: Միևնույն ժամանակ, աշխարհի ավտորիտար պետությունները, վախենալով այլախոհության ու տարակարծության խաղաղ դրսևորումներից, սկսեցին հետապնդել վերջին շրջանում ձևավորված անկախ խմբերին»:

Զեկույցում ասվում է, որ Սիրիայի հակամարտության և Դաեշի գրոհայինների հարձակումների հետևանքով փախստականների հոսքը Եվրոպա զգալիորեն աճեց, ինչը վախի և հակամահմեդական տրամադրությունների առաջացման պատճառ դարձավ:

Սակայն կարճ ժամանակ անց եվրոպական պետությունների կողմից սահմանների փակումը փախստականների պատասխանատվության խնդիրը դրեց շրջակա երկրների ուսերին, որոնք ի վիճակի չեն պատշաճ օգնություն ցուցաբերել:

ԱՄՆ-ի օրենսդիրներն էլ, իրենց հերթին օգտագործելով ահաբեկչական հարձակումների վտանգը, փորձել են թուլացնել զանգվածային հետախուզություն իրականացնելու հետախուզական կազմակերպությունների վրա վերջերս դրված սահմանափակումները։

Ըստ «Աշխարհում ազատության մակարդակի 2Օ16 թվականի զեկույցի», Ռուսաստանի կողմից քննադատական խմբերի նկատմամբ նման հալածանք և Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանների և ակտիվիստների ձերբակալությունների այսպիսի գործողություններ տասնամյակներ ի վեր չէին նկատվել: Թուրքիան էլ իր հերթին հետապնդել է ակտիվիստների և կառավարության դեմ հանդես եկող մամուլին:

Զեկույցը նշում է, որ Հայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ։ Առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Հայաստանին վերաբերող մտահոգություններից են նաև մամուլի ազատությունը, ուղղիչ հաստատություններում անբավարար պայմանները և լեզբուհիների, համասեռականների, բիսեքսուալների ու տրանսգենդերների դեմ խտրականությունները:

«Human Rights Watch» միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը զեկույցը եզրափակում է հետևյալ գրառմամբ,- «Մարդու իրավունքների միջազգային օրենքի իմաստնությունը անփոխարինելի ուղղորդում է տրամադրում այն կառավարություններին, որոնց նպատակն է իրենց ազգին ծառայելը և անվտանգություն ապահովելը: Մենք հրաժարվում ենք այդ օրենքից՝ ի վնաս մեր անվտանգության»:

XS
SM
MD
LG