Մատչելի հղումներ

Freedom House. Հայաստանը գտնվում է Ռուսաստանի բացասական ազդեցության տակ


Հայաստանը գտնվում է մարդու իրավունքների պաշտպանության առումով շատ բարդ տարածաշրջանում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Արչ Փադինքթոնը` ներկայացնելով Freedom House-ի Աշխարհում ազատության մակարդակի տարեկան զեկույցը:

«Հայաստանում դուք շրջապատված եք երկրներով, որոնք ունեն իրոք շատ կոշտ ավտորիտար համակարգ, ինչպիսիք են Ադրբեջանը կամ Ռուսաստանը», - նշում է նա:

Հայաստանը 2015-ին ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ անազատ լրատվամիջոցներով եւ ազատ ինտերնետով:

«Այդ շրջապատում ժողովրդավարների համար չափազանց բարդ է գործել», - ավելացնում է Փադինքթոնը:

Անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանի անփոփոխ «մասամբ ազատ երկիր» կարգավիճակին, Freedom House-ի փոխնախագահը նշում է, որ այն պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի ճնշմամբ եւ բացասական ազդեցությամբ, ինչով պայմանավորված է նաեւ Հայաստանի կողմից Եվրասիական, այլ ոչ թե Եվրոպական Միության նախընտրությունը:

«Հայաստանի նման երկրի ղեկավարությունը զգում է, որ չի կարող մարտահրավեր նետել Ռուսաստանին, քանի որ, եթե դա անի, ապա Ռուսաստանը կանի այն, ինչ արեց Ուկրաինայում՝ դարձնելով երկիրն անկառավարելի եւ իշխանափոխություն կազմակերպելով», - ասում է Փադինքթոնը:

Արչ Փադինքթոնի խոսքով, անկախությունից ի վեր Հայաստանն իրականում եղել է կիսաժողովրդավարական երկիր, որտեղ անցել են տարբեր կուսակցությունների մասնակցությամբ ընտրություններ, սակայն, հաղթող ուժն անպայման սանձել է քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացը եւ սահմանափակել ազատությունները:

«Ճնշումն այնքան ծայրաստիճան չէր, ինչպես, ասենք, Ադրբեջանում, սակայն, բավարար՝ հզոր ընդդիմության առաջացումն արգելափակելու եւ քաղաքական դաշտի հսկողության համար», - ավելացնում է Փադինքթոնը:

Նշենք, որ տարածաշրջանում մասամբ ազատ երկրներ են ճանաչվել միայն Հայաստանը, Թուրքիան եւ Վրաստանը: Տարածաշրջանի բոլոր մյուս երկրները ճանաչվել են անազատ:

XS
SM
MD
LG