Մատչելի հղումներ

Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանի տնտեսության զարգացմանը


2016-ը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի համար կարեւոր տարի է լինելու, «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում պատմել է գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին: Նրա խոսքով, նախորդ 18 ամիսների ընթացքում Համաշխարհային բանկը հավանություն է տվել շուրջ 250 միլիոն դոլարի նոր ծրագրերի իրականացմանը Հայաստանում, եւ 2016-ն այդ ծրագրերի իրականացման տարի է: Համաշխարհային բանկի ուշադրության կենտրոնում են ծրագրեր, որոնք օգնում են Հայաստանի Հանրապետությանը լավագույնս օգտագործել սեփական տնտեսական ներուժը:

«Յուրաքանչյուր տնտեսության հզորություն հիմնված է առաջին հերթին դրա սեփական պաշարների լավագույն օգտագործման վրա», - նշել է Բեյլին:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հատկապես կարեւորել է 2016-ին Հայաստանում նոր հարկային օրենսգրքի ընդունումը, որը կօգնի գործարարներին ավելի պարզ հասկանալ կառավարության հարկային քաղաքականությունը:

«Մենք նաեւ փորձում ենք կենտրոնանալ գյուղական շրջանների վրա, քանի որ հենց այնտեղ է, որ Հայաստանը հիմնականում ունի աղքատության խնդիր եւ մենք փորձում ենք օգնել գյուղական շրջաններում բնակվող մարդկանց կյանքի որակի բարձրացմանը», - ավելացրել է Բեյլին:

Լորա Բեյլիի խոսքով, ընդհանուր առմամբ վերջին տարիների ընթացքում նկատվել է Հայաստանի կառավարության նկատմամբ միջազգային դոնորների ավելի բարձր աջակցություն:

«Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը վայելում է բազմաթիվ գործընկերների զգալի եւ աճող աջակցությունը», - նշել է նա:

Մասնավորապես, միջազգային գործընկերների աջակցությունը հիմնականում կենտրոնացված է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի վրա՝ ճանապարհներ, գյուղատնտեսություն եւ էներգիայի արտադրություն: Եվրոպական զարգացման բանկն օրինակ 40 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանում ոռոգման համակարգի զարգացման համար, իսկ Ասիական զարգացման բանկի կողմից ներդրում է կատարվել կրթության մեջ՝ սեյսմիկ անվտանգության ոլորտում: Հայաստանը նաեւ հսկայական ներուժ ունի վերականգնվող էներգիայի արտադրման ոլորտում, համոզված է Բեյլին:

Վերականգնվող, հատկապես՝ արեգակնային էներգիայի զարգացմանը Հայաստանում լուրջ աջակցություն է հատկացնում նաեւ Միացյալ Նահանգները: Մասնավորապես, նախորդ տարի Պետքարտուղարությունը ամերիկյան մասնագետների եւ գործարարների մի խումբ էր ուղարկել Հայաստան՝ երկրում վերականգնվող էներգիայի զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Պատվիրակության կազմում Հայաստան այցելած Հարավային Կալիֆորնիա-Էդիսոն խոշոր ընկերության Արտաքին կապերի տնօրեն Զանգու Արմենյանը համոզված է, որ Հայաստանը կարող է մեծապես շահել երկրում արեգակնային էներգիայի զարգացումից:

«Հատկապես հեռանկարներ կան աշխատատեղերի ստեղծման առումով, քանի որ երիտասարդությունը կարող է նոր մասնագիտություն ձեռք բերել՝ դարձնելով Հայաստանը արեգակնային էներգիայի արտադրության զարգացման կենտրոն այդ տարածաշրջանում», - նշում է Արմենյանը:

XS
SM
MD
LG