Թուրքիայի հարավարեւելյան հատվածում թուրքական բանակի կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության 14 զինյալ։ Այս մասին տեղեկացնում է երկրի զինված ուժերի հրամանատարությունը։ Նույն հայտարարության համաձայն, դեկտեմբերի 14-ից սկսված լայնածավալ գործողությունների արդյունքում քուրդ մոտ 296 զինյալ է սպանվել։
Երեքշաբթի օրը պայթյուններ են գրանցվել Ջիզրե քաղաքում, որտեղից մի քանի հարյուր մարդ հեռացել է տներից։
Այլ հաղորդագրությունների համաձայն, երեքշաբթի օրը բացվել է Իրաքի հետ սահմանային Հաբուրի անցակետը, որը սկսված գործողությունների պատճառով 22 օր փակ էր։
Թուրքիայի անվտանգության ուժերի ու Քրդական աշխատավորական կուսակցության միջեւ երեք տասնամյակ տեւած պատերազմը նորից բռնկվեց անցյալ տարվա հուլիս ամսին, կողմերի միջեւ խաղաղության բանակցությունների փլուզումից հետո։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չի հրաժարվելու ռազմական այս արշավից, որը նրա խոսքերով, 2Օ15 թվականի ընթացքում դարձել է քուրդ 3 հազար զինյալների սպանության պատճառ։
Հիշեցնենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը քրդերի համար ինքնավարություն պահանջելով զինված գործողություններ էր սկսել 1984 թվականից, որի ընթացքում սպանվել է թուրք ու քուրդ 4Օ հազար զինվորական ու զինյալ։
Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայի, ԱՄՆ-ի ու Եվրոապական Միության կողմից։