Համաշխարհային Բանկն օգնելու է Հայաստանին արմատապես փոխել զբոսաշրջության զարգացման ոլորտը՝ ապահովելով դրա ներուժի լիակատար օգտագործումը: Այս մասին «Ամերիկայի Ձայնին» պատմել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:
«Հայաստանում զբոսաշրջության ոլորտի թաքնված ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է փոխել դրա մոդելը», - ասել է գրասենյակի ղեկավարը:
Համաշխարհային բանկի ներկայացուցչի խոսքով, այժմ արտերկրից Հայաստան այցելող զբոսաշրջիկները հիմնականում ժամանում են Երեւան եւ ամբողջ ընթացքում տեղավորվում Երեւանում՝ մի քանի ժամով այցելելով մայրաքաղաքից դուրս գտնվող տեսարժան վայրեր: Արդյունքում, զբոսաշրջիկները ստիպված են ժամեր անցկացնել ճանապարհին՝ տեսարժան վայրի հպանցիկ այցելության համար:
«Այսպիսով, գյուղական համայնքները, մարզային կենտրոններն ու փոքր քաղաքները լիարժեք օգուտ չեն ստանում զբոսաշրջիկների այցելություններից», - ավելացնում է մասնագետը:
Լորա Բեյլիի խոսքով, Համաշխարհային բանկի մասնագետներն առաջարկում են զբոսաշրջության զարգացման այլ մոդել, որը կարող է նպաստել ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ՝ մարզային շրջանների զարգացմանը:
«Երեւանում տեղավորվելու եւ մայրաքաղաքից կարճ այցելություններ կատարելու փոխարեն, զբոսաշրջիկները Երեւան ժամանելուց հետո կտեղավորվեն Խորվիրապում, այնուհետեւ՝ Արենիում, Գորիսում, նույնիսկ՝ Մեղրիում, այնուհետեւ կվերադառնան Երեւան», - նշում է Բեյլին:
Այսպիսով, Երեւանից դուրս բնակվող Հայաստանի բնակչությունն իրական օգուտ կստանա զբոսաշրջիկների աճից, քանի որ զբոսաշրջիկները բնակվելու եւ սնվելու են հիմնականում ոչ թե մայրաքաղաքում, այլ` հենց մարզերում: Զբոսաշրջիկներն իրենց հերթին հնարավորություն կստանան լիարժեք վայելել Հայաստանի բնությունն ու գեղատեսիլ վայրերը, ավելի քիչ ժամանակ անց կացնելով ճանապարհներին եւ ստանալով ավելի մատչելի ծառայություններ:
«Հենց սա է այն գաղտնիքը, որը, կարծում ենք, կարող է ընդլայնել զբոսաշրջության դերը՝ ամբողջ երկրով մեկ օգուտ բերելու համար», - ավելացնում է մասնագետը:
Լորա Բեյլիի խոսքով, օրերս Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 55 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկի տրամադրումը Հայաստանին: Ծրագրի նպատակն է երկրի հինգ ընտրված մարզերում մեծացնել զբոսաշրջության մասնաբաժինը տեղական տնտեսության մեջ: Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով, հինգ տարի անց, ծրագրի իրականացման ավարտին նախատեսվում է, որ Համաշխարհային բանկի օգնությամբ միայն Հայաստանի տուրիզմի ոլորտը կզարգանա 15 տոկոսով: Սա կարեւոր ցուցանիշ է, քանի որ, Բեյլիի խոսքով, 2014-ին տուրիզմը Հայաստանի արտահանման երկրորդ խոշորագույն հատվածն էր, 923 միլիոն դոլար ընդհանուր ծավալով: