Մատչելի հղումներ

 
Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են ղարաբաղյան կարգավորման հեռանկարը

Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են ղարաբաղյան կարգավորման հեռանկարը


Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները ավելի մեծ դեր խաղա բանակցային գարծընթացում, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքը:

«Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե Միացյալ Նահանգները շատ ավելի գործուն եւ եռանդուն դեր ստանձներ, այլ ոչ թե խնդրի կարգավորումը թողներՌուսաստանին», - նշել է Բլանքը:

Վերլուծաբանի խոսքով, Մոսկվան հետաքրքրված չէ ղարաբաղյան խնդրի լուծման մեջ եւ օգտվում է դրա չկարգավորված լինելուց, որի պատճառով հայերի ու ադրբեջանցիների միջեւ մթնոլորտը շարունակում է սրվել՝ դառնալով բռնությունների պատճառ:

«Որքան երկար շարունակվի այս իրավիճակը, այնքան բարդ կլինի այն կարգավորելը», - համոզված է Բլանքը:

«Ստրատֆոր» կենտրոնի փոխնախագահ Ռեվա Բհալլան վերջին շաբաթներում գրանցվող հայ-ադրբեջանական լարվածությունը դիտարկում է գլոբալ ենթատեքստում: Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանում ռուսական ներկայությունն Ադրբեջանին ավանդաբար մանեւրելու նեղ հնարավորություն է թողել, սակայն, նոր զարգացումները կարող են նաեւ փոխել իրավիճակը տարածաշրջանում:

«Այսպիսով, Բաքվի տեսակետից բարենպաստ քաղաքական պահ էր ստեղծվել՝ Ռուսաստանի հետ փոխըմբռնման աստիճանը ստուգելու եւ իրավիճակը թափ տալու համար», - նշում է Բհալլան:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման պայմաններում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարին՝ Քլարքի համալսարանի դասախոս, թուրք պատմագիր Թաներ Աքչամը նշում է, որ Թուրքիան հետաքրքրված է Ադրբեջանի նավթով եւ գազով, ինչի փոխարեն Ադրբեջանն իր պահանջներն է առաջ քաշելու:

«Համոզված եմ, նրանք փոխարենը պահանջելու են Թուրքիայից կրկնակի աջակցություն ղարաբաղյան հարցում», - ասում է Աքչամը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ կոչ են արել Պետքարտութարությանը աջակցել ղարաբաղյան հակամարտության շրջանում խաղաղությանն ու զինադադարի պահպանմանը:

XS
SM
MD
LG