Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը գոհունակություն է հայտնել Հայաստանում Սահմանադրական հանրաքվեի խաղաղ բնույթի կապակցությամբ


Պետքարտուղարության ներկայացուցիչը ներկայացրել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանում անցած Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ:
Պետքարտուղարության ներկայացուցիչը ներկայացրել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանում անցած Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ:

Միացյալ Նահանգները գոհունակություն է հայտնել Հայաստանում Սահմանադրական հանրաքվեի խաղաղ բնույթի կապակցությամբ, «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցին պատասխանելով, հայտարարեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին.

«Ողջունում ենք Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը՝ սուր բանավեճից հետո դեկտեմբրեի 6-ին անցկացված Սահմանադրական հանրաքվեի ընթացքում բոլոր կողմերի դրսեւորած խաղաղ վարքի կապակցությամբ»:

Միեւնույն ժամանակ, Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք մտահոգված են անկախ մարմինների եւ քաղաքական որոշ կուսակցությունների կողմից արված «ընտրական անկարգությունների» վերաբերյալ հայտարարություններով:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լիարժեք քննել խախտումների վերաբերյալ արժանահավատ բոլոր տեղեկությունները, որպեսզի ապահովվի հանրաքվեի արդյունքների արդարությունը», - հայտարարել է Քըրբին:

Քըրբիի խոսքով՝ ընտրական գործընթացի հետ կապված բոլոր խնդիրները, որոնք մնացել էին նաեւ նախորդ ընտրություններից եւ մատնանշվել էին դեռ ԵԱՀԿ-ի դիտորդների կողմից, պետք է լուծում ստանան նոր ընտրական օրենսգրքում: Դա թույլ կտա ապահովել հայ ժողովրդի հավատը ապագայում անցկացվելիք ընտրական գործընթացների արդյունքների նկատմամբ, ավելացրել է Պետքարտութարության խոսնակը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընդդիմության մի մասը չի ընդունում Սահմանադրական հանրաքվեի արդյունքները եւ հայտարարում է, որ այն չի արտացոլում քաղաքացիների իրական կամքը:

XS
SM
MD
LG