Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները ակտիվ կներգրավվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում


Ամերիկացի վերլուծաբանները գնահատում են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին:
Ամերիկացի վերլուծաբանները գնահատում են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին:

Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններն անցնելու են բավականին բարդ պայմաններում, կարծիք են հայտնում ամերիկացի վերլուծաբանները: Հայտնի պատմաբան, Քլարքի համալսարանի դասախոս Թաներ Աքչամի կարծիքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը բացասաբար կարող է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի վրա:

«Ղարաբաղը կարող է դառնալ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի ռազմադաշտ», - ասում է Աքչամը:

Պատմաբանի խոսքով, նման վտանգի մասին են վկայում Անկարայի վերջին գործողությունները Հարավային Կովկասում.

«Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացման պես՝ Բաքուն առաջին դուռն էր, որը թակեց թուրք կառավարությունը»:

Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրված խոստումները նոր չեն եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ զսպող դեր է կատարում, համոզված է անկախ փորձագետ Էմիլ Սանամյանը.

«Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայության տրամաբանությունը կապված է առաջին հերթին հայ-թուրքական հարաբերությունների, այլ ոչ թե ղարաբաղյան հակամարտության հետ»:

Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքը միտված է ղարաբաղյան խնդիրը դիտարկել այլ տեսանկյունից: Շարունակելով միջազգային միջնորդների տրամաբանությունը՝ Բլանքն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստատուս քվոյի շարունակությունն այլեւս անհնարին եւ վտանգավոր է դարձել.

«Վերջին շրջանում տեղի էին ունեցել բազմաթիվ ընդհարումներ, որոնք մարդկային զոհերի էին հանգեցրել. դա լավ իրավիճակ չէ եւ որքան շատ շարունակվի այդ իրավիճակը, այնքան բարդ կլինի այն կարգավորել»:

Սթիվեն Բլանքի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Միացյալ Նահանգների՝ կարգավորման գործընթացում ավելի ակտիվ մասնակցության դեպքում: Վերլուծաբանի խոսքով, վերջին շրջանում նման հեռանկարն ավելի հավանական է դարձել:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան տարածաշրջանում հնարավոր հակամարտությանը, ապա Թաներ Աքչամը հույս հայտնեց, որ բոլոր կողմերը իմաստուն կգտնվեն եւ կխուսափեն նման պատերազմից.

«Հույս ունեմ միայն, որ Ադրբեջանը կրակի հետ խաղ չի անի եւ չի օգտագործի ռուս-թուրքական հակամարտությունը Ղարաբաղում լարվածությունն ավելացնելու համար»:

XS
SM
MD
LG