Մատչելի հղումներ

՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումը փոխում է իր մարտավարությունը


Փարիզում անցյալ շաբաթ իրականացված ահաբեկչական հարձակումների վերքն Արեւմուտքում դեռեւս շատ թարմ է։ Սակայն սգո մի քանի օրերից հետո այստեղ ավելի շատ նկատելի են վախը եւ անվտանգության միջոցառումները խստացնելու պահանջը։ Անվտանգության հարցերով նախկին ու ներկա պաշտոնատար անձանց խոսքերով, առաջ է եկել նոր իրադրություն։

Ինչպես ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջեյմս Ուիսլին է ասում. ՝՝Կարծում եմ, Դաեշը դեռ երկար է իր մասին հիշեցնելու, եթե նույնիսկ ոչնչացվեն այս խմբավորման հրամանատարական կայանները, գրավվի ու ոչնչացվի նրանց խալիֆայությունը՛՛։

Հակաահաբեկչության հարցերով պաշտոնատան անձինք հավատացած են, որ Փարիզի տարբեր հատվածներում իրականացված հարձակումներն ու Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման փաստով ծայրահեղական Դաեշը ցանկանում է ցույց տալ իր ճկունությունը, այսինքն՝ իրադրությունից ելնելով, իր կարողություններն այլ կերպ կիրառելու հնարավորությունները։

Ճիշտ է, Դաեշի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հրամանատարներից գնդապետ Ստիվ Ուորենի խոսքերով, նկատելի է, որ Դաեշի պահակակետերում այսօր ավելի փոքր թվով ծայրահեղականներ կան, ինչը նրանց դիրքերի թուլացման մասին է խոսում, Վաշինգտոնում լավ գիտակցում են, որ այսօր ամենակարեւորն այստեղ անվտանգությունը պաշտպանելն է։

Գլխավոր մտահոգությունը Դաեշի պատեհապաշտ բնույթն է, որը մարդու էությանը հատուկ ոչինչ հաշվի չառնելով, կարող է դիմել անկանխատեսելի քայլերի։

Հակաահաբեկչության հարցերով բարձրաստիճան նախկին պաշտոնյա Մուբին Շաիխը հիշեցնում է, որ.՝՝Դաեշն ունի տեղում ծայրահեղականներին մարզելու ու հարձակումներ իրականացնելու նպատակով նրանց տարբեր երկրներ ուղարկելու ծրագիր։ Այս ռազմավարությունը նրանք միշտ են ունեցել եւ այդ մասին հայտարարել են բազմիցս՛՛։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տված հարցազրույցում նա ասում է, որ Դաեշը կերպարանափոխվել է, եւ այժմ մտածում է ոչ այնքան խալիֆայություն հաստատելու նպատակով տարածքներ գրավելու, որքան այս տարածքներից հեռու վայրերում խաղաղ բնակչության դեմ գործողություններ իրականացնելու մասին, ու այդպես է ուզում աշխարհում իր տեղն ամրապնդել որպես մահմեդական պատերազմի գլխավոր ջատագով։

Ըստ անվտանգության ծառայությունների տվյալների, Դաեշը Միացյալ Նահանգներում ունի հազարավոր աջակիցներ, որոնց մի զգալի մասը կարող է, ավելի ճիշտ կարող է փորձել դիմել ահաբեկչական գործողությունների։

XS
SM
MD
LG