Մատչելի հղումներ

Բելգիայում շարունակվում է ահաբեկչության մեջ կասկածյալների որսը


Բելգիայում շարունակվում է ահաբեկչության մեջ կասկածյալների որսը
Բելգիայում շարունակվում է ահաբեկչության մեջ կասկածյալների որսը

Բելգիայի դատախազները երկուշաբթի օրը հայտարարել են, որ ոստիկանները երկրի մայրաքաղաքում 22 շուրջկալների ընթացքում ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 16 անձանց, սակայն Փարիզի կոտորածի գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը դեռևս ազատության մեջ է:

Դատախազների խոսքերով, շուրջկալների ժամանակ վիրավորվել է առնվազն մեկ կասկածյալ: Շուրջկալներից 19-ը Բրյուսելում կամ այս քաղաքի շրջակայքում են իրականացվել:

Երկուշաբթի օրն անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ Բելգիայի Դաշնային կառավարության դատավոր Թերրի Վերցը ասել է, որ Փարիզի հարձակման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը դեռևս ազատության մեջ է:

Բելգիայի Դաշնային կառավարության դատավոր Թերրի Վերցը ասում է,- «Մինչ այժմ զենքեր և պայթուցիկներ չեն հայտնաբերվել: Հետախուզությունը շարունակվում է, և դրա շահերից ելնելով, առայժմ չեմ կարող ավելին ասել»:

Բրյուսելի մետրոյի համակարգը և դպրոցները ներկա դրությամբ չեն գործում: Անհանգստացած բնակիչները արդեն երեք օր է տանն են գտնվում: Նրանք այժմ աշխատանքային մեկ այլ շաբաթ են սկսում, երբ ուժային կառույցները շարունակում են մարդաորսը քաղաքում։

Բելգիացիներից շատերի համար, ձեռնարկվող անվտանգության միջոցներից իրենք իրենց ամենևին էլ անվտանգ չեն զգում:

Բնակիչներից մեկը ասում է,- «Ես շատ անհանգստացած եմ: Ես 20 տարի է ապրում եմ Բրյուսելում, սակայն երբեք նման բան չէի տեսել: Երբ դուրս էի եկել քայլելու, ինձ ասացին, որ ավելի լավ է տուն գնամ: Դա ինձ խուճապի է մատնում:

Ենթադրվում է, որ Աբդեսլամը մտել է Բելգիա նոյեմբերի 14-ին, Փարիզում ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացրած կոտորածից ժամեր հետո:

Այս խմբավորման գրոհայինների դեմ գործողություններ ձեռնարկելու և Սիրիայի քաղաքացիական պատերազմի քաղաքական հաշտեցումը քաջալերելու նպատակով արտասահմանյան իր այցերի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի օրը կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային:

XS
SM
MD
LG