Մատչելի հղումներ

Աշխարհը սովորում է ապրել անվտանգության բացառիկ պայմաններում


Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներում անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկվում, որոնք ուղղված են հնարավոր ահաբեկչությունների կանխմանը: Չնայած ահաբեկիչների սպառնալիքների եւ ավելացող անվտանգության միջոցառումների, ԱՄՆ-ի բնակիչներն իրենց ահաբեկված բոլորովին էլ չեն զգում: Ամերիկայի Հայկական Համագումարի հասարակայնության հետ կապերի տնօրեն Դանիել Քուշակջյանի խոսքով, թեեւ ահաբեկչության սպառնալիքն ի սպառ բացառել հնարավորու չէ, սակայն ԱՄՆ-ի իրավապահների աշխատանքը վստահություն է առաջացնում.

«Ամերիկացիներն այդ սպառնալիքներին լուրջ են վերաբերվում, հատկապես մեծ քաղաքներում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Չիքագոյում, Լոս Անջելեսում բնակվող քաղաքացիները: Սակայն մենք վստահում ենք Ամերիկայի իրավապահներին եւ հատուկ ծառայություններին»:

Անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն ԱՄՆ-ի մայրաքաղաքում, որի դեմ ուղղված էին ահաբեկիչների սպառնալիքները, այլեւ բոլոր խոշոր քաղաքներում, սակայն, այդ միջոցները ոչ թե ահաբեկում են ամերիկացիներին, այլ, ընդհակառակը, վստահություն ներշնչում:

«Ես իրականում ինձ շատ պաշտպանված եմ զգում: Այսինքն, անվտանգությունն ամենուրեք է եւ այստեղ, Նյու Յորքում ես անվտանգ եմ զգում», - ասում է Հյուսիսային Կարոլինայի բնակիչ, Նյու Յորքում հանգիստն անցկացնող Լի Հեդրիքը:

Դանիել Քուշակջյանի խոսքով, հաշվի առնելով ներկա մարտահրավերները, անվտանգության միջոցառումները աշխարհով մեկ դժվար թե ավարտվեն մոտ ապագայում, այնպես որ բնակիչներին անհրաժեշտ է սովորել ապրել անվտանգության ապահովման նոր պայմաններում.

«Մենք ցնցված էինք, եթե չասեմ ավելին, Փարիզում ու Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչություններով, եւ Համագումարը Փարիզում գտնվող շատ բարեկամներ, աջակիցներ ու անդամներ ունի, որոնց համար մենք շատ անհանգստանում էինք»:

Հատկանշական է, որ Փարիզում գտնվող ծանոթների ու բարեկամների որպիսությունը Դանիել Քուշակջյանը պարզել է Facebook սոցիալական ցանցի «Ես ապահով եմ» նոր հավելվածի շնորհիվ, որի միջոցով արտակարգ պատահարների հարեւանությամբ գտնվող մարդիկ կարող են բոլոր ընկերներին տեղյակ պահեն, որ ապահով են: Այնպես որ, ոչ միայն մարդիկ, այլեւ տեխնոլոգիաներն են հարմարեցվում փոփոխվող աշխարհին:

XS
SM
MD
LG