Մատչելի հղումներ

Աշխարհը առաջ է ընթանում Սիրիայում կարգավորման ուղղությամբ


17 երկրների, Եվրամիության ու ՄԱԿ-ի դիվանագետները հավաքվել են Վիեննայում քննարկելու Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը: Մասնակցում են նաև Ռուսաստանն ու Իրանը:

Վիեննայում տեղի ունեցող Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ հանդիպումը իր տեսակի մեջ յուրահատուկ է, այն ներառում է Ռուսաստանն ու Իրանը, որոնք աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:

Ջոն Հոփքինսի համալսարանից Դանիել Սերուերը կարծում է, որ առանց Իրանի, կարգավորումը հնարավոր չէ. «Սակայն դա չի նշանակում, որ Իրանի ներգրավմամբ լուծում կգտնվի», - ասում է նա:

Բանակցությունները նաև ներառում են Իրանի հակառակորդ Սաուդյան Արաբիային, որը համակարծիք է ԱՄՆ-ի այն դիրքորոշման հետ, թե նախագահ Ասադը պետք է հեռանա և չլինի Սիրիայում հնգամյա պատերազմի վարջնական կարգավորման մաս:

«Հուսով եմ, որ կարող ենք գտնել ճանապարհ դեպի առաջ», - ուրբաթ օրը նշել է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին Եգիպտոսի իր պաշտոնակցի հետ զրույցի ժամանակ:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանք-Վալտեր Շտայնմայերը լրագրողներին հայտնել է, որ անհնար կլինի լուծել բոլոր խնդիրները մի օրվա ընթացքում: Սակայն ըստ նրա, ուրբաթօրյա այս հանդիպումը կարևոր քայլ է դեպի առաջ:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորեն Ֆաբիուսը գտնում է, որ «Իսլամական պետություն» խմբավորման և «Ջաբհաթ Ալ Նուսրա»-ի դեմ համատեղ պայքարի ավելի արդյունավետ դարձնելն առաջնային քայլ պիտի լինի:

Ուրբաթօրյա բանակցություններին ակնհայտորեն բացակայում էին Սիրիայի կառավարական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները:

Ռուսաստանի Ինտերֆաքս գործակալությունը նշել է, որ Մոսկվան ակնկալում է, թե ընդդիմադիրները ընդհանուր եզրեր կգտնեն և փոխզիջումների միջոցով պատվիրակություն կկազմեն բանակցելու Սիրիայի կառավարության հետ:

Քարնեգի հաստատության Միջին Արևելքի ծրագրի տնօրեն Միշել Դունը ասում է, թե լավ կիլիներ, որ բոլոր կողմերը նստեին բանակցությունների սեղանի շուրջ, ավելի հանգամանալից քննարկումներ անցկացնելու ու փոխզիջումներ գտնելու համար:

Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին հինգշաբթի նշել է, որ Վիեննայում բանակցությունները ավելի են կենտրոնանում Սիրիայում քաղաքական անցման ենթակառուցվածքի վրա. «Կառավարության ենթակառուցվածք, որը չի ընդգրկի Բաշար Ալ Ասադին և կարող է գործուն լինել և կայուն: Ահա ինչին ենք մենք ձգտում կարգավորման վերջում», - նշել է Քըրբին:

Պաշտոնյաները նշել են, որ ուրբաթ դժվար կարգավորման վերջնական լուծումներ գտնվեն բանակցություններում, և դիվանագետները պետք է շարունակեն բանակցությունները:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Վիեննայում մասնակիցներին կոչ է արել ճկունություն դրսևորել և ողջունել առաջին անգամ Իրանի մասնակցությունը քննարկումներին:

ԱՄՆ-ի Սպիտակ Տունը այսօր հայտարարել է, որ 50 հոգուց բաղկացած զինվորականների խումբ է ուղարկում Սիրիա՝ հակածայրահեղական ընդդիմադիր զինված խմբերին խորհրդակցություն տրամադրելու ու զորավարժանքներ ապահովելու համար:

XS
SM
MD
LG