Բրյուսելն առաջին զիջումներն է անում Թուրքիայի իշխանություններին, փոխարենն Անկարայից ակնկալելով կրճատել Եվրոպա ուղեւորվող փախստականների հոսքը, հայտարարում են անհանգստացած իրավապաշտպանները: Մասնավորապես, Եվրամիությունը աննախադեպ որոշում է ընդունել, հետաձգելով Թուրքիայի ներքին իրավիճակին նվիրված ավանդական զեկույցի հրապարակումը:
Իրավապաշտպանների կարծիքով, զեկույցում լուրջ քննադատություն է պարունակվում Թուրքիայի իշխանությունների հասցեին՝ երկրում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կապակցությամբ: Այսպիսով, հետաձգելով զեկույցը, Եվրոպան Թուրքիայի նախագահ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցությանը հնարավորություն է տալիս ավելի մեծ թվով ձայներ հավաքել: Մինչդեռ Թուրքիայի ներսում իրավիճակը շարունակում է վատթարանալ:
«Մամուլի վրա այսքան հուժկու ճնշում, որքան առկա է վերջին ժամանակներին, դեռ չի գործադրվել: Այդ հուժկու ճնշումը վերջնականապես ոչնչացրել է մամուլի ազատությունը», - ասում է Թուրքիայի՝ լրագրողների ընկերակցության նախագահ Թուրգայ Օլչայթոն:
Զեկույցի հետաձգումը Էրդողանին արված Եվրոպայի միակ զիջումը չէ: Ավելի վաղ Թուրքիայում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է վերադառնալ Եվրամիությանը Թուրքիայի մուտքի իրավունքի շուրջ նախկինում սառեցված բանակցությունները եւ հեշտացված մուտքի արտոնագրային ռեժիմ հաստատել.
«Բանակցությունները շատ խոստումնալից են եւ դրանք կշարունակվեն»:
Վերլուծաբանների կարծիքով, Եվրոպայի աջակցությունը կարող է բարելավել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Էրդողանի վատթարացած վարկանիշը, նրա կողմը գրավելով նաեւ եվրոպամետ ընտրողներին եւ օգնելով հավաքել նրա համար ցանկալի մեծամասնություն խորհրդարանում:
Միեւնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ Թուրքիայի իշխանություններին այս գործընթացում հետաքրքրում է առաջին հերթին տնտեսական մասը.
«Եվրոպական շատ առաջնորդներ չեն ցանկանում, որ Թուրքիան միանա ակումբին, մինչդեռ ինքը՝ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրոպային՝ հիմնականում տնտեսական պատճառներով, այլ ոչ թե ժողովրդավարության կամ մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով», - նշում է Չաթըմ Հաուսի վերլուծաբան Ֆադի Հաքուրան:
Մոտ ժամանակներում պարզ կլինի, թե ինչպիսի զիջումների են գնացել Եվրամիության անդամ պետությունները, սակայն հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի կուսակցությանը հնարավոր է չօգնի նույնիսկ Եվրոպայի աջակցությունը եւ նոյեմբերի ընտրություններից հետո Բրյուսելը բոլորովին այլ ուժերի հետ ստիպված լինի պայմանավորվել: