Լաս Վեգասում կայացավ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի դեմոկրատական կուսակցության թեկնածուների առաջին բանավեճը, որի ընթացքում առաջին անգամ դեմ առ դեմ դուրս եկան երկու ծանրաքարշ` առաջատար թեկնածու Հիլարի Քլինթոնը եւ երկրորդ տեղում գտնվող, Վերմոնթի սենատոր Բերնի Սենդերսը:
Հիմնական հարցերից էին Ռուսաստանի հետ հարաբերություններն ու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը.
«Կարծում եմ շատ կարեւոր է, որ Միացյալ Նահանգները Պուտինին պարզ հայտնի, որ Սիրիայում գտնվելով, իր կողմից առաջացրած քաոսն անընդունելի է», - ընդգծել է Հիլարի Քլինթոնը:
Մինչ Քլինթոնն իր աջակցությունը հայտնեց նախագահ Օբամայի քաղաքականությանը Սիրիայի հարցում, Սենդերսը խորհուրդ տվեց չներքաշվել այդ խնդիրների մեջ.
«Խոսելով Սիրիայի մասին, մենք խոսում ենք ճահճի մեջ գտնվող մեկ այլ ճահճի մասին»:
Միեւնույն ժամանակ, թեկնածուներից եւ ոչ մեկը Ռուսաստանը Միացյալ Նահանգների հիմնական վտանգ չի համարում:
Դեմոկրատների 43 տոկոսի աջակցությունը վայելող Քլինթոնն ու 25 տոկոսի աջակցությունն ունեցող Սենդերսը միանշանակ բանավեճի կենտրոնական դեմքերն էին: Այդ երկուսի միջեւ տարբերությունը հսկայական է, նշում են վերլուծաբանները: Տարբերվում է առաջին հերթին քարոզչության ձեւը՝ Սենդերսը սիրում է կրակոտ ելույթներով հազարավոր մարդկանց դեմ հանդես գալ, մինչդեռ Քլինթոնը նախընտրում է դասախոսություններ կարդալ ընտրյալների համար, կշռադատելով յուրաքանչյուր բառը: Մեկ այլ հսկայական տարբերություն՝ թեկնածուների կողմնակիցների կառուցվածքն է. ընտրապայքարի ամենատարեց թեկնածու՝ 74-ամյա Սենդերսը վայելում է ամենաերիտասարդ ընտրողների աջակցությունը, մինչդեռ Քլինթոնին սատարում են դասական դեմոկրատները՝ կուսակցության սերուցքը:
Բանավեճի ընթացքում դեմոկրատ-սոցիալիստ Սանդերսը քննադատության ենթարկեց խոշոր գործարարներին.
«Ես հավատում եմ այն հասարակությանը, որտեղ լավ են ապրում բոլոր մարդիկ, այլ ոչ թե միլիարդատերերի մի փոքր խումբ»:
Միանալով քննադատությանը, Քլինթոնն առաջարկեց ավելի կոշտ վարվել խաբեբայության մեջ մեղադրվող մեծահարուստների հետ, խոստանալով հաշվի առնել մյուս թեկնածուների առաջարկները նախագահ դառնալու դեպքում:
Վերլուծաբանների կարծիքով, առայժմ առավել հավանական է, որ դեմոկրատների նախագահական թեկնածուն կլինի Քլինթոնը, սակայն, մնում է երրորդ թեկնածուն, ով դեռեւս չի կայացրել ընտրապայքարին միանալու մասին վերջնական որոշում, եւ ով կարող է խմբագրել կանխատեսումները: Դա փոխնախագահ Ջո Բայդենն է, որն իր որոշման մասին կարող է հայտարարել արդեն այս շաբաթ: