Մատչելի հղումներ

Օբամա. Գաղափարախոսությունները չեն ոչնչացնում զենքի միջոցով


Ահաբեկչության դեմ պայքարելիս անհրաժեշտ է ոչ թե պակասեցնել այլ, ընդհակառակը, ընդլայնել ժողովրդավարությունն ու մարդու ազատությունները, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Ելույթ ունենալով ՄԱԿ-ում անցնող «Իսլամական պետություն» խմբավորման եւ բռնի ծայրահեղության դեմ պայքարին նվիրված գագաթնաժողովին՝ Օբաման նշել է, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի եւ կրոնի ազատությունը ահաբեկչության դեմ պայքարի լավագույն դաշնակիցներն են: Բավարար չէ «Իսլամական պետություն» խմբավորմանը հաղթել ռազմադաշտում, դրան անհրաժեշտ է հակազդել նաեւ գաղափարական մակարդակով, համոզված է նախագահը.

«Գաղափարախոսությունները չեն ոչնչացնում զենքի միջոցով, դրանք տապալում են ավելի լավ ու գրավիչ գաղափարախոսության միջոցով»:

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով, հակաահաբեկչական կոալիցիայի երկրներին անհրաժեշտ է առաջին հերթին ավելի մեծ ուշադրություն հատկացնել հասարակական կյանքում ահաբեկիչներին հակազդելուն՝ թույլ չտալով ծայրահեղականներին իրենց շարքերը ներքաշել նորանոր երիտասարդների:

Թվարկելով հակաահաբեկչական կոալիցիայի մի շարք հաջողությունները, որոնց շնորհիվ մասնավորապես հնարավոր է դարձել «Իսլամական պետության» հսկողությունից դուրս հանել մի քանի շրջաններ, նախագահ Օբաման նշեց միեւնույն ժամանակ, որ լիակատար հաղթանակը երկարատեւ գործ է, որը բոլորից մեծ ջանքեր կպահանջի: Միեւնույն ժամանակ Բարաք Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել կոալիցիայի անդամ չհանդիսացող այլ երկրների հետ.

«Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ, խնդրի կարգավորման քաղաքական մեխանիզմ գտնելու համար»:

Գագաթնաժողովի ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ավելի քան 60 պետություն միավորած հակաահաբեկչական կոալիցիային միացան նաեւ Նիգերիան, Թունիսը եւ Մալասիան:

XS
SM
MD
LG