Հունգարիան իր հերթին հայտարարեց արտակարգ իրավիճակ երկրի սահմանամերձ երկու քաղաքներում։ Երկու դեպքում էլ որոշումներն ընդունվել են Մերձավոր Արեւելքից ժամանող փախստականների մուտքը կարգավորելու, երբեմն՝ կասեցնելու նպատակով։
Մերձավոր Արեւելքից փախստականների մեծ մասը ցանկանում է հասնել Գերմանիա, որտեղ ավելի բարձր են նպաստները եւ ավելի բարվոք՝ սոցիալական մյուս անվճար ծառայությունները։ Սակայն Գերմանիան արդեն սկսում է սահմանափակումներ դնել եվրոպական այլ երկրներից իր տարածք մուտք գործող փախստականների հոսքի վրա։ Օրինակ Բուդապեշտից Գերմանիայի սահմանը հատած այս գնացքից ուղեւորներին տեղափոխում են գրանցման համար նախատեսված տարածքներ։
Գերմանիայի ոստիկանությունը դաշնային 8ՕՕ ոստիկաններ է տեղակայել Ավստրիայի հետ սահմանին։ Ինչպես ոստիկաններն են ասում, իրենց նպատակն այս ամենը կարգավորված իրագործելն է։ Ոստիկանությունը նաեւ ստուգումներ է սկսել անցկացնել սահմանային բնակավայրերի ավտոմեքենաներում։ Նպատակը Մյունխեն քաղաքը փախստականության ուժեղ բեռից ազատելն է։ Եվ անցած մի քանի օրերի ընթացքում առաջին անգամը լինելով՝ Մյունխենի երկաթուղային կայարանը երեքշաբթի օրը չէր ընդունել եւ ոչ մի փախստական։
Իր հերթին Հունգարիան երեքշաբթի օրը հայտարարեց արտակարգ իրավիճակ սահմանային երկու քաղաքներում։ Դրանից մի քանի ժամ առաջ փշալարերով ցանկապատի միջոցով բաժանեց սահմանը հարեւան Սերբիայի հետ։ Այս հատվածից էին մեծաթիվ փախստականներ անօրինական եղանակով անցնում սահմանը։ Հիմա ցանկապատն այնքան հեռու է տեղադրվել, որ այստեղ չեն կարող մոտենալ նույնիսկ լրագրողներն ու նրանք, ովքեր կամավոր սկզբունքով սնունդ էին փոխանցում գաղթականներին։ Փախստականների ամբողջ նպատակն այն է, որ իրենց չգրանցեն Հունգարիայում, որպեսզի գրանցումն իրականացվի Գերմանիայում։ Նրանցից շատերն իրենց առջեւ նաեւ դրել են Հունգարիայի սահմանամերձ գյուղերի միջով անօրինական կերպով անցնել Ավստրիա։
Խստացումներն ուժի մեջ մտան այն բանից հետո, երբ Եվրոպական Միության ներքին գործերի նախարարները չկարողացան գալ 12Օ հազար փախստականներին Միության երկրների միջեւ համաչափ բաշխելու ծրագրի շուրջ։
Եվ այժմ գաղթականներն ունեն այն մտավախությունը, որ խստացումների այս ալիքի տակ մի օր կսկսվեն շուրջկալներ ու իրենց կարտաքսեն։
Միայն այս տարվա ընթացքում Սիրիայից ու Իրաքից դեպի Եվրոպա է գաղթել 43Օ հազար փախստական։ Նրանցից 3ՕՕՕ-ը մահացել է գաղթի ճանապարհին։