Թուրքիայում բնակվող քրդերն անհանգստացած են. նրանց խոսքով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հայտարարված պայքարի հովանու ներքո Թուրքիայի ղեկավարությունն իրականում հարվածներ է հասցնում ահաբեկիչներին դիմակայող քրդերին:
Քրդաբնակ Դիարբեքիրի բնակիչների խոսքով, թուրք ռազմական ուղղաթիռներից իրենց բնակավայրերում հրդեհ առաջացնող սպիտակ փոշի են տարածում, որից առաջացած հրդեհները ոչնչացնում են իրենց այգիներն ու ոչխարներին: Թուրքական կողմի խոսքով, զինվորականները փորձում են ստիպել քուրդ զինյալներին դուրս գալ սարերում իրենց գաղտնի ապաստարաններից: Տեղում բնակվող քրդերի կարծիքով սակայն, իրական դրդապատճառն այլ է: Հենց քրդաբնակ Դիարբեքիրից ամեն օր տասնյակ թռիչքներ են կատարում թուրքական ռազմական ինքնաթիռները, որոնք հարվածներ են հասցնում Հյուսիսային Իրաքում տեղակայված քրդերի դիրքերին:
Տեղացի լրագրող, ազգությամբ քուրդ Մեթին Բեքիրօղլուի խոսքով, Թուրքիայի կառավարությունն «Իսլամական Պետություն» խմբավորման դեմ պայքարի անվան տակ իրականում պայքարում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ.
«Բոլոր գործողություններն իրականում ուղղված են քրդերի, քուրդ ժողովրդի եւ քուրդ պարտիզանների դեմ: Նրանք ռմբակոծում են քրդերի դիրքերը Իրաքում. Զապը, Ավասինը, Բասյանը, Քանդիլը՝ նրանք այդ տարածքներն են ռմբակոծում: Իսկ այստեղ նրանք քուրդ քաղաքացիական անձանց են ձերբակալում՝ ակտիվիստների եւ առաջնորդների»:
Դիարբեքիրում հակամարտությունը տեղաբնակ քրդերի եւ այստեղ ժամանած թուրք զինվորականների միջեւ սրվեց նախորդ շաբաթ, երբ ենթադրաբար քուրդ զինյալները ոստիկան առեւանգեցին եւ զինվորականների դեմ կրակ բացեցին: Քուրդ քաղաքական բազմաթիվ գործիչներ երկրի վարչապետ Էրդողանին են մեղադրում երկու ժողովուրդների միջեւ հակամարտությունը սրելու մեջ, նշելով, որ Թուրքիայի վարչապետը փորձում է թուլացնել ուժ հավաքող քրդական կուսակցությունները, հույս ունենալով նոյեմբերին արտահերթ ընտրություններ նշանակել եւ սեփական կուսակցությանը վերադարձնել խորհրդարանական մեծամասնությունը:
Միեւնույն ժամանակ, հասարակ մարդիկ անհանգստացած են, որ Թուրքիան կարող է վերադառնալ հին ժամանակներին, ուր տիրում էին ուժի գործադրումը, վրեժը եւ սպանությունները.
«Մենք չենք ցանկանում վերադառնալ անմարդկային 1990-ականներ, 80-ականներ, 1938 թիվը: Մենք շատ մտահոգված ենք եւ չենք ցանկանում, որպեսզի որեւէ մեկը մահանա», - ասում է Դիարբեքիրի բնակիչ, ազգությամբ քուրդ Մաքբուլե Քերիմլին: