Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն աստիճանաբար հրաժարվում է ռուսական միջուկային վառելիքից


Գործածության մեջ ատոմակայան
Գործածության մեջ ատոմակայան

Ամերիկյան փոքր մոդուլային ատոմակայանները դեռ նախատիպային փուլում են՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում մանրամասնել է պրոֆեսոր Թերեզա Սաբոնիս-Հելֆին՝ հավելելով, սակայն, որ ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովը հավանություն է տվել նման ռեակտորների օգտագործմանը, և այժմ կառուցվում են մի քանիսը։

Թեև Росатом կորպորացիան շարունակում է զգալի եկամուտներ բերել Ռուսաստանին, ինչն էլ Կրեմլն ուղղում է Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի ֆինանսավորմանը, այդուհանդերձ, ըստ Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Թերեզա Սաբոնիս-Հելֆի, Росатом-ի դեմ պատժամիջոցների կիրառումն այս պահին կարող է նույնիսկ վտանգավոր լինել:

«Ամերիկայի ձայն» «Որքանո՞վ է ԱՄՆ էներգետիկ ոլորտը կախված ռուսական միջուկային վառելիքի մատակարարումներից»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «Մենք Ռուսաստանից ներմուծում ենք ուրանի մոտ 20%-ը՝ Росатом-ի դուստր ձեռնարկության միջոցով, որը կոչվում է TENEX (Techsnabexport JSC - G.A.): Հետխորհրդային «Մեգատոններից դեպի մեգավատներ» ծրագրի շարունակությունն է, որը մեկնարկել էր 1993 թվականին: Այն միջուկային նյութերը շրջանառությունից հանելու և միջուկային զենքը վառելիքի վերածելու յուրահատուկ ծրագիր էր։ Այդ ծրագիրը շատ հաջող էր, բայց երբ այն ավարտվեց, ուրանի հարստացման ամերիկյան տեխնոլոգիան շատ էր զիջում ժամանակակից տեխնոլոգիաներին: Ամերիկյան միակ ձեռնարկությունը, որն ունակ էր ուրանի վերամշակում իրականացնել, փակվել է 2018 թվականին, ուստի մեր ցածր հարստացված ուրանի մոտ 20%-ը գալիս է Ռուսաստանից: Մնացածը մատակարարում են դաշնակիցները՝ Բելգիայի, Ֆրանսիայի, Կանադայի և մի շարք այլ պետություններից կազմված կոնսորցիումը»։

«Ամերիկայի ձայն» «Росатом-ը եկամուտ է բերում Ռուսաստանին, որն այն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար։ Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Միացյալ Նահանգները դադարեցնի Ռուսաստանից միջուկային վառելիքի ներկրումը»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «Դա հնարավոր չէ անել երեք տարուց պակաս ժամանակահատվածում, և վստահ չեմ, որ երբևէ հնարավոր կլինի լիովին դուրս մղել Ռուսաստանին այդ շուկայից։ Միջուկային վառելիքի շուկայում ռուսական մասնաբաժնի զգալի կրճատումը կարող է ամրապնդել ԱՄՆ էներգետիկ անվտանգությունը, բայց դա հնարավոր չէ արագ անել, քանի որ Եվրամիության ատոմակայանների 18%-ը կառուցված է ռուսական կամ խորհրդային նախագծերով, իսկ դրանց վառելիք է մատակարարում Росатом-ը։ Westinghouse ընկրությունը, հավանաբար, մշակել է միջուկային վառելիքի ձողերը փոխարինելու տեխնոլոգիան, սակայն յուրաքանչյուր ռեակտոր որոշակիորեն տարբեր է: Westinghouse-ի ռեակտորները պետք է արտոնագրված լինեն, իսկ ընկերությունը պետք է ընդլայնի արտադրությունը: Հույս կա, որ երեք տարի հետո այդ ատոմակայանները չեն օգտագործի ռուսական միջուկային վառելիք պարունակող ձողեր։ Կան բազմաթիվ այլ նրբություննր՝ ռուսական արտահանումից կախվածությունը նվազեցնելու համար»։

«Ամերիկայի ձայն» «Որքանո՞վ է Միացյալ Նահանգները շահագրգիռ միջուկային էներգիայի զարգացմամբ՝ երկրում էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի ֆոնին»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «ԱՄՆ-ն, ինչպես Եվրոպան, շատ է հետաքրքրված փոքր մոդուլային ռեակտորներով։ Այս ռեակտորներն օգտագործում են վառելիքի նոր տեսակ։ Նրանք շատ ավելի քիչ տարածք են զբաղեցնում և ավելի հեշտ են ինտեգրվում լավ զարգացած էներգետիկ ցանցի հետ: Խնդիրն այն է, որ փոքր մոդուլային ռեակտորները դեռ նախատիպային փուլում են։ ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովը հավանություն է տվել նման ռեակտորների օգտագործմանը, և այժմ կառուցվում են մի քանիսը։ Բայց, որքան գիտեմ, [նման] միակ ռեակտորը, որը միացված է ցանցին և էլեկտրաէներգիա է արտադրում, Չինաստանում է։ Այդ ռեակտորներն օգտագործում են այլ տեսակի վառելիք, որը կոչվում է HALEU, իսկ Ռուսաստանը դրա միակ արտադրողն է։ Ուստի, ԱՄՆ-ն այժմ փորձում է ավելացնել HALEU-ի արտադրությունը»։

«Ամերիկայի ձայն» «Կա՞ն օրինակներ, երբ ատոմակայանները ռուսական վառելիքից անցում կատարեն արևմտյան վառելիքի»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «Ուկրաինայում կան խորհրդային և ռուսական ժամանակաշրջանների ռեակտորներ, որոնց վառելիքի ձողերն ամբողջովին փոխված են։ Այդ վառելիքը արտադրում է Westinghouse-ը, և հենց Ուկրաինայում ունեցած փորձի հիման վրա է այժմ ձգտում ընդլայնել վառելիքի ձողերի մատակարարումը եվրոպական այլ ատոմակայաններ։ ԱՄՆ-ն իր էլեկտրաէներգիայի 15-20%-ը ստանում է միջուկային էներգիայից, և երկրում սպառվող էլեկտրաէներգիայի քանակը կայուն կերպով աճում է, ինչպես որ տեղի է ունենում աշխարհի երկրների մեծ մասում: Հավատում ենք, որ էլեկտրիֆիկացման ավելի բարձր մակարդակ հասնելը ապագա տանող ճանապարհ է: Ուստի, էներգետիկ համակարգերն ընդլայնվում են ողջ աշխարհում։ Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը մեր սեփական էներգետիկ ցանցի և եվրոպական էներգետիկ համակարգի կարևոր տարրերից է»։

«Ամերիկայի ձայն» «ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ դուք նշեցիք, որ ռուսական միջուկային վառելիքից հրաժարվելը կարող է սպառնալ ատոմակայանների անվտանգությանը։ Ինչո՞ւ»։

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «Միջուկային ռեակտորում վառելիքի ձողերը փոխելիս՝ սովորաբար փոխում են ամբողջը: Սա պետք է արվի շատ ուշադիր: Առաջին անգամ, երբ Westinghouse-ը փորձեց այս գործողությունը, անհաջողության մատնվեց, և նրանք ստիպված էին նորից սկսել: Հիմա շատ ավելի մեծ փորձ ունեն։ Բայց Եվրոպայի բոլոր ռեակտորներում նման գործողություն իրականացնելը ոչ միայն թղթաբանություն է, այլև լուրջ գործընթաց։ Ռուսաստանն այնպիսի մեծ տեղ է զբաղեցնում համաշխարհային միջուկային վառելիքի արտահանման մեջ, որ չենք ցանկանում ամբողջությամբ հեռացնել Մոսկվային միջուկային էներգիայի շուկայից։ Խորհրդային միջուկային էներգետիկ ոլորտը նախագծվել և գործել է այլ կերպ, քան մնացած աշխարհում, և ապացուցվել է, որ այն շատ վտանգավոր է: Ուստի, 1990-ականների գլխավոր առաջնահերթություններից էր ռուսական միջուկային էներգիայի ինտեգրումը միջազգային համակարգ, ավելի լավ չափանիշների սահմանումը, անվտանգության ավելի բարձր մշակույթի ստեղծումը, ինչը հաղթանակ էր բոլորի համար։ Պետք է հասկանալ, որ միջուկային վթարը ցանկացած վայրում նվազեցնում է վստահությունը ողջ միջուկային էներգիայի նկատմամբ։ Եթե պատկերացնենք, որ ռուսական արտադրության ռեակտորները լիովին մեկուսացված են, այն կարող է բացասաբար անդրադառնալ դրանց անվտանգության մակարդակի վրա։ Հետևաբար, կցանկանայի տեսնել, որ Ռուսաստանը ավելի փոքր մասնաբաժին ունենա գլոբալ էներգետիկ շուկայում, բայց դա չպետք է տեղի ունենա Ռուսաստանին ատոմային էներգետիկ համայնքից լիովին հեռացնելու գնով, ինչը կարող է անվտանգության խնդիրներ ստեղծել»։

«Ամերիկայի ձայն» «Այսօր ո՞րն է ամերիկյան միջուկային էներգիայի զարգացման հիմնական խնդիրը»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «ԱՄՆ-ում կան ռեակտորների մի քանի տարբեր մոդելներ, և դեռ պարզ չէ, թե որ մեկն է առավել արդյունավետ՝ ծախսերի տեսանկյունից: [ԱՄՆ] Միջուկային կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել փոքր մոդուլային ռեակտորների հիմնմանը, ինչը շատ լավ նորություն է։ Փոքր մոդուլային ռեակտորները կարող են շատ ավելի արագ հավաքվել, քան ավանդականները, որոնք երկարաժամկետ նախագծեր են և նման են եգիպտական բուրգերի կառուցմանը: Դեռ չունենք գործող փոքր մոդուլային ռեակտորների օրինակներ, որպեսզի դրանք համեմատենք և որոշենք, թե որ մոդելն է առավել մրցունակ, և կառավարությունն էլ ընտրի այդ տարբերակը։ Ահա, թե ինչ է տեղի ունենում մի շարք երկրներում, ներառյալ՝ Միացյալ Նահանգներում: Պետք է մրցակցություն լինի ռեակտորներ արտադրող ընկերությունների միջև՝ առաջիկա երեք տարիներին տեսնելու համար, թե որոնք են առաջինը սկսելու գործել, որոնք են մոտ նախատեսված արժեքին, որոնք են ամենաերկարն աշխատում՝ առանց անջատվելու, երբ ցանցում որևէ խնդիր է առաջանում: Դա հնարավոր կդառնա միայն այն բանից հետո, երբ կառուցենք ու գործարկենք ռեակտորները»։

«Ամերիկայի ձայն» «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը 1990-ականների սկզբին ունեին միջուկային վառելիքի արտադրության մոտավորապես հավասար հզորություններ: Ինչու՞ ԱՄՆ-ն ընտրեց ռուսական մատակարարին, այլ ոչ թե փորձեց դիվերսիֆիկացնել մատակարարումները»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «Միացյալ Նահանգները հիմնականում թողել է արտերկրում ատոմակայաններ կառուցելու գործը: Հիմա փորձում ենք այդ անել Լեհաստանի հետ համագործակցությամբ։ Ռուսաստանը բավականին լավ է ներթափանցել այդ շուկա։ Ռուսաստանն իրականացնում է միջուկային զենքի և միջուկային էներգիայի արտադրությունը մեկ արտադրական ցիկլի մեջ, իսկ Միացյալ Նահանգները միտումնավոր տարանջատում է այդ արտադրությունները՝ ներքաղաքական նկատառումներով։ Արդյունքում՝ Ռուսաստանում ավելի քիչ են ծախսում: Ռուսաստանի մեկ այլ կարևոր առավելություն է, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հին կանոնների համաձայն, երկրներին արգելվում էր մեծ քանակությամբ միջուկային վառելիք հատկացնել այն գնող երկրներին: Այլ կերպ ասած, նրանք չէին ցանկանում, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Կանադան կնքեն միջուկային էներգիային առնչվող այնպիսի գործարքներ, որոնք կարող են դուրս մղել մրցակիցներին: Ցավոք, նման սահմանափակումների պատճառով Ռուսաստանը մտավ համաշխարհային շուկա՝ ապահովելով ֆինանսավորում, պատրաստակամություն՝ մատակարարել միջուկային վառելիք, հեռացնել թափոնները և այլն։ Արդյունքում՝ Ռուսաստանը շահեց նոր ատոմակայանների կառուցման համաշխարհային շուկայի հսկայական մասը։ Նախորդ տարիներին Ռուսաստանը ստիպված է եղել մի փոքր նվազեցնել իր մասնակցությունը, քանի որ այլ երկրների միջուկային նախագծերի ֆինանսավորումը չափազանց թանկ է դարձել: Սակայն այժմ Չինաստանը նույնպես շահագրգռված է մուտք գործել այս շուկա։ Իսկ ԱՄՆ-ն նոր է մտնում շուկա։ Եթե կան այնպիսի երկրներ, որոնք օգտագործում են նույն տիպի ռեակտոր և օգտագործում են նույն տեսակի վառելիք, ապա դա ստեղծում է ռազմավարական հարաբերություններ, քանի որ միջուկային էներգիան բարդ է»:

«Ամերիկայի ձայն» «Ինչո՞ւ ԱՄՆ-ում միջուկային էներգիայի զարգացումն ավելի արագ չի ընթանում»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «Գործընթացը առաջ է ընթանում, բայց ոչ արագ։ ԱՄՆ-ում յուրաքանչյուր ռեակտոր կառուցված է տարբեր առանձնահատկություններով, քանի որ Ամերիկան անընդհատ նորարարություններ և փորձեր է կատարում: Սա բավականին դժվարացնում է կարգավորման գործընթացը։ Շատ տարիներ առաջ Միջուկային կարգավորման հանձնաժողովը հայտարարեց, որ Միացյալ Նահանգների բոլոր ռեակտորները կօգտագործեն նույն սկզբունքները և կաշխատեն թեթև ջրի հիման վրա: Սակայն փոքր մոդուլային ռեակտորների նոր սերունդն այլ նախագիծ ունի: Հետևաբար, նախատիպերի ստեղծումը, Միջուկային կարգավորող հանձնաժողովի կողմից թույլտվություն ստանալը և այդ ռեակտորները մեր միջուկային ռեակտորների գրանցամատյան մտցնելու թույլտվությունը, պարզվեց, երկար գործընթաց է, որն այժմ ավարտված է: Շատ քիչ ներդրողներ էին պատրաստ մեծ գումարներ հատկացնել փոքր մոդուլային ռեակտորների հիմնման համար, քանի դեռ Միջուկային կարգավորող հանձնաժողովը չի հաստատել, որ դրանք կարող են օգտագործվել Միացյալ Նահանգներում: Եվ շատ քիչ են այն երկրները, նույնիսկ նրանք, որոնք Միացյալ Նահանգների դաշնակիցներն են, որ շահագրգռված են պայմանագրեր կնքել՝ այդ ռեակտորների տեղադրման համար՝ նախքան դրանք կսկսեն հաջողությամբ գործել արտադրող երկրում: Եթե հայացք նետեք Եվրոպային, ապա կտեսնեք՝ ողջ «կանաչ» էլեկտրաէներգիայի 50%-ը արտադրում են ատոմակայանները։ Թեև Եվրոպայում լուրջ տարակարծություններ կան միջուկային էներգիայի հարցում, այն մեծապես կախված է դրանից»:

«Ամերիկայի ձայն» «Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը սկսի օգտագործել միջուկային վառելիքի մատակարարումները քաղաքական նպատակներով, ինչպես արեց գազի և նավթի մատակարարումների դեպքում»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «Տեղին մտահոգություն է։ Օրինակ, Ճապոնիան, որը մտահոգված է մատակարարման շղթաներով, կարծում է, որ միջուկային էներգիան ավելի քիչ է ենթարկվում նման ռիսկերի, քանի որ կարելի է վառելիքը պահել մի քանի տարի, ինչը հնարավոր չէ գազի, նավթի կամ ածուխի դեպքում: Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի հենց սկզբում մի շարք եվրոպական երկրներ համաձայնեցին վերացնել ռուսական ինքնաթիռների թռիչքների արգելքը, որպեսզի Ռուսաստանը կարողանա միջուկային վառելիքի ձողեր մատակարարել նրանց: Ոչ մի ատոմակայան ձեզ չի ասի, թե որքան պահեստային վառելիքի ձողեր է պահում: Անվտանգության հարց է: [Ուկրաինական] պատերազմն արդեն բավական երկար է ընթանում, և առկա է մտավախություն, որ որոշ ռեակտորներ արդեն սպառել են իրենց պահուստային պաշարները: Բայց քանի որ այդ պաշարները, սովորաբար, շատ ավելի մեծ են, քան գազի, նավթի կամ նույնիսկ ածխի պաշարները, չենք տագնապում այս հարցում: Այնուամենայնիվ, իրավացի եք։ Գազի միջազգային շուկայում իր ազդեցությունը Ռուսաստանը օգտագործել է որպես գործիք։ Ահա, թե ինչու միջուկային վառելիքը չի նշվում Եվրամիության 13 պատժամիջոցների փաթեթում։ ԱՄՆ-ն փորձում է նոր մոտեցում գտնել, ինչպես Եվրոպան։ Ղազախստանն աշխարհի ամենամեծ ուրան արդյունահանողն է, սակայն պատմականորեն իր ուրանն ուղարկել է վերամշակման Ռուսաստան: Ֆրանսիան մի քանի համաձայնագրեր է ստորագրել Ղազախստանի և Ուզբեկստանի հետ՝ նոր հանքեր բացելու, արդյունահանվող ուրանի որոշակի բաժին վերցնելու և Ֆրանսիայում վերամշակելու ու հարստացնելու համար: Այդ աշխատանքն արդեն ընթացքի մեջ է և բավականին հաջողությամբ է առաջ գնում։ Եվրամիությունը հաստատել է 10 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծ, որը կդյուրացնի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածքով տարանցումը դեպի Եվրոպա։ Այս ներդրումների մի մասը ներառում է ուրանի անվտանգ տեղափոխում Կենտրոնական Ասիայից»:

«Ամերիկայի ձայն» «Որքանո՞վ է դժվար ԱՄՆ համար աշխուժացնել իր միջուկային արդյունաբերությունը»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները երկար ժամանակ է, ինչ խոսում են այդ մասին: Վառելիքի մատակարարման ողջ շղթան վերահսկելու կարիք չկա։ Միջուկային էներգիայի նյութերի համաշխարհային առևտուրում այնպիսի իրավիճակ է, որ երկրները չփորձեն ապավինել միայն սեփական ուժերին: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ն պետք է չվստահի Կանադայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի կոնսորցիումին և պետք է դառնա լիովին ինքնաբավ։ Պետք է վստահեք ձեր դաշնակիցներին: Ղազախստանում ուրանի արդյունահանումը շատ ավելի էժան է, քան այլ վայրերում, և անհրաժեշտ է մատակարարման շղթաներ կառուցել այդ երկրից։ Այնուամենայնիվ, սա բարդ, քաղաքական խնդիր է, և ամենակարևոր բաներից մեկը, որը Միացյալ Նահանգները դեռ չի կարող կամ չի անի, ածխածնի արտանետման հարկի ներդրումն է: Քանի դեռ չունենք այդ հարկատեսակը, դժվար կլինի լուրջ նորամուծություններ և փոփոխություններ կատարել [էներգետիկայի ոլորտում]»։

«Ամերիկայի ձայն» «Ուրեմն, Միացյալ Նահանգները չի՞ կարող գնորդներին առաջարկել իր ժամանակակից ռեակտորները, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանն իրենցն են գովազդում համաշխարհային շուկաներում»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «Ատոմային էներգիայի զարգացումն այժմ որոշակիորեն կանգ է առել, սակայն Росатом-ը շարունակում է կատարել իր պարտավորությունները։ Բոլոր պայմանագրերը, որոնք Ռուսաստանը ստորագրել է, դեռ ավարտված չեն։ Նման պայմանագրերի վրա աշխատանքը շատ դանդաղ է ընթանում։ Ռուսաստանը չկատարված խոստումների երկար պատմություն ունի, օրինակ՝ Հայաստանի նման երկրների պարագայում: Росатом-ի աստղն արդեն սկսում է մարել, քանի որ նրանց արտահանման առավելություններն այլևս գոյություն չունեն: Բացի այդ, Չինաստանն ակտիվացնում է սեփական ատոմակայանների կառուցումը և պատրաստ է այս ոլորտում լուրջ մրցակից դառնալ համաշխարհային շուկայում։ Պեկինը մրցունակ կլինի, երբ ավարտի բանակցությունները և ստորագրի միջուկային վնասների համար պատասխանատվության մասին Վիեննայի կոնվենցիան: Ռուսաստանը, որը միջազգային իրավունքի մեծ երկրպագու չէ, հարկադրված միացավ կոնվենցիային, քանի որ ոչ ոք չէր օգնի Մոսկվային թարմացնել խորհրդային ատոմակայանները, եթե այդ չաներ: ԱՄՆ-ն ու Եվրոպան այժմ պատրաստի ոչինչ չունեն՝ առաջարկելու համաշխարհային շուկայում։ Չունի նաև Ռուսաստանը՝ ֆինանսական պատճառով, և Չինաստանը՝ իրավական խնդիրների հետևանքով»։

«Ամերիկայի ձայն» «Որքանո՞վ են անվտանգ ռուսական նախագծով ռեակտորները»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, և Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ միացան Եվրամիությանը, Euratom-ի ու միջուկային ոլորտի միջազգային փորձագետների մի մեծ կոնսորցիում գնահատեց բոլոր ռեակտորները և առանձնացրեց երկու տեսակի ռեակտորներ, որոնք չեն համապատասխանում եվրոպական անվտանգության չափանիշներին: Նրանք պնդում էին, որ եվրոպական հողի վրա այդ ռեակտորները փակվեն։ Բայց նման կայաններ դեռ գործում են Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում։ Ռուսաստանը պնդում է, որ ռուսական միջուկային ռեակտորների հասցեին քննադատության պատճառն այն է, որ օտարերկրյա փորձագետները լիովին չեն հասկանում դրանց առանձնահատկությունները»:

«Ամերիկայի ձայն» «Այսինքն, ԱՄՆ-ն այժմ, իրականում, կախված է ռուսական միջուկային վառելիքի մատակարարումներից»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «2022 թվականին Միացյալ Նահանգները Ռուսաստանից գնել է իրեն անհրաժեշտ ցածր հարստացված ուրանի մոտ 20%-ը և HALEU միջուկային վառելիքի մեծ մասը, որը նախկինում Միացյալ Նահանգները չի արտադրել: Այժմ ԱՄՆ-ն արտոնագրել է HALEU-ի արտադրությունը։ Այն արտադրող ընկերությունն արդեն ներկայացրել է մի քանի փորձնական նմուշներ և առաջ է շարժվում։ Միացյալ Նահանգները վերականգնում է նաև իր արտադրական կարողությունները և ստեղծում նորերը։ Կարելի է ասել, որ ԱՄՆ-ն նվազեցնում է իր կախվածությունը ռուսական միջուկային վառելիքից։ Սակայն առայժմ որոշակի կախվածություն պահպանվում է, ինչի պատճառով մի շարք օրինագծեր են հայտնվել, որոնք ուղղված են ռուսական միջուկային վառելիքը ԱՄՆ-ից դուրս մղելուն»:

«Ամերիկայի ձայն» «Արդյո՞ք Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ սահմանի Росатом-ի դեմ»:

Թերեզա Սաբոնիս-Հելֆի «Եթե չափից շատ կենտրոնանանք պատժամիջոցների վրա, ապա բաց ենք թողնելու գլխավորը՝ ժամանակն է վերականգնել ամերիկյան միջուկային արդյունաբերության մրցունակությունը, և դա չի կարելի անել պատժամիջոցների հիման վրա, քանի որ պատժամիջոցներն պետք է լինեն ժամանակավոր, նրանք պետք է փոխեն այլ պետության վարքագիծը։ Միացյալ Նահանգները պետք է ավելի լուրջ վերաբերվի միջուկային արդյունաբերությանը և ԱՄՆ դերին գլոբալ միջուկային էներգետիկայում՝ այն բարձրացնելով ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակի: Կարծում եմ, ավելի լավ է մեր քաղաքական ու իրավական ջանքերն օգտագործել այս ուղղությամբ»։

XS
SM
MD
LG