Մատչելի հղումներ

Հրապարակվել է կրոնական ազատությունների մասին Պետքարտուղարության տարեկան զեկույցը


ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակել է այս տարվա կրոնական ազատությունների մասին հերթական զեկույցը: Վաշինգտոնը հուլիս ամսին նախատեսում է անցկացնել կրոնական ազատությունների հարցերով արտգործնախարարների համաժողով:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին հերթական զեկույցը, որը ուսումնասիրում է իրավիճակն այս ոլորտում շուրջ 200 երկրների շրջանում:

Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը անդրադարձել է բուդդիստական Մյանմարում Ռոհինգիայի մահմեդականների հետ կապված իրավիճակին: Հիշեցնենք, որ հարյուր հազարավոր մահմեդականներ ստիպված են եղել հեռանալ հարևան Բանգլադեշ՝ հալածանքներից խուսափելու համար:

«Կարծում եմ իրավիճակը վատթարացել է, ուստի անհրաժեշտ է ավելի գործուն քայլեր ձեռնարկել՝ զինվորականների հալածանքներին և Բիրմայում առկա իրավիճակին հակազդելու համար»,- նշել է Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ-ի դեսպան Սեմ Բրաունբեկը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ընդգծել է, որ կրոնական ազատություններն առաջնահերթություն են Միացյալ Նահանգների համար: Նա հայտարարել է, որ այս ամառ նախատեսում է այս հարցերով անցկացնել համաժողով իր գործընկերների հետ:

«Ակնկալում ենք, որ նախարարների այս հավաքը նոր լիցք կհաղորդի: Սա միայն քննարկման համար չէ, այլ նաև հետագա գործողությունների: Մենք փորձում ենք գտնել հստակ ուղիներ ՝ հալածանքներին հակազդելու և ընդհանուր կրոնական ազատություններն ապահովելու համար»,- ասում է պետքարտուղարը:

Վաշինգտոնն անդրադառնում է նաև Հյուսիսային Կորեային, ուր հազարավոր մարդիկ շարունակում են մնալ կալանքի տակ կրոնական հարցերի պատճառով:

«Մենք գիտենք, որ Հյուսիսային Կորեայում երկար տարիներ գործում է Գուլագ-ի նման սարսափելի մի համակարգ»,- ասել է Սեմ Բրաունը:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը կրոնական փոքրամասնությունների իրավունքների ապահովման հարցում քննադատության է ենթարկել նաև Ռուսաստանի ու Իրանի քաղաքականությունը: Դրա հետ մեկտեղ զեկույցն առաջընթաց է գրանցում Վիետնամում:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ կրոնական ազատությունների պահպանումը չափազանց կարևոր է ահաբեկչության դեմ պայքարի և տնտեսական զարգացման ապահովման համար:

Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանի կրոնական ազատությունների հետ կապված հարցերին: Այն ընդգծում է Հայ Առաքելական եկեղեցու գերիշխող դերը որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնությունը պահպանող: Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ փոքրամասնություն կազմիող քրիստոնեական խմբերը օգտվում են պաշտամունքի ազատության իրավունքից, սակայն որոշ քրիստոնյա խմբեր նշում են, որ ստիպված են թաքցնել իրենց կրոնական կողմնորոշումը: Մի շարք հասարակական կազմակերպություններ և կրոնական խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում խտրական մոտեցման վերաբերյալ:

Զեկույցն արձանագրում է, որ 2017 թվականին, ի տարբերություն այլ տարիների, Եհովայի վկաներ կրոնական խմբի դեմ չեն գրանցվել բռնության դեպքեր: Բացի այդ, առաջընթաց է գրանցվել, ըստ զեկույցի, մամուլի կողմից կրոնական այլ խմբերի գործունեության լուսաբանման հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG