Մատչելի հղումներ

Հայաստանը կարող է ստանալ փախստականների անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ


Սիրիայից եւ Իրաքից տասնյակ հազարավոր փախստականներին ժամանակավոր ապաստան տված Հայաստանը կարող է անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ ստանալ, որը նշանակում է նաեւ ֆինանսական օգնություն միջազգային դոնոր կազմակերպություններից: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը եւ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, Հայաստանը լավագույնս է համապատասխանում անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակի չափանիշներին.

«Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանություն վերապրած պետություն է, հայ ազգը իր պատմության ընթացքում փախստական է եղել եւ հենց այդ համատեքստում կարեւոր է, որ Հայաստանն իր դռները բացել է Մերձավոր Արեւելքի փախստականների առջեւ»:

Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն «Ամերիկայի Ձայն»-ին պատմեց, որ այդ նախաձեռնությունը քննարկել է ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ հանդիպումների ընթացքում.

«Մենք հիշեցրել ենք, որ օգնություն ենք ակնկալում Հայաստանում ապաստան ստացած գաղթականների համար, որոնք եկել են Սիրիայից եւ Իրաքից»:

Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնի խոսքով, ֆինանսական ծանր վիճակում գտնվող Հայաստանը, որը չի խուսափել փախստականներ ընդունել, արժանի է օգնության.

«Մենք կոչ ենք անում հատկացումների հանձնաժողովին 40 միլիոն դոլար հատկացնել Հայաստանը անվտանգ գոտի դարձնելու համար: Այդ գումարները պետք է հատկացվեն Հայաստանի կառավարությանը, փախստականներին օգնելու համար»:

Կոնգրեսականի խոսքով, աշխարհի առաջադեմ երկրները պարտավոր են օգնել Սիրիայի եւ Իրաքի փախստականներին, այդ թվում եւ նրանց ապաստան տված երկրներին օգնելու միջոցով: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանում այս պահին գտնվում է վերջին տարիներին Մերձավոր Արեւելքից ժամանած շուրջ 25,000 փախստական, ինչը դասում է Հայաստանը մեկ շնչի վրա հաշվարկով ամենամեծ թվով փախստական ընդունած երկրների շարքին.

«Հայաստանի առանձնահատկությունը նաեւ այն է, որ Հայաստանը պատրաստ է Սիրիայից ժամանած փախստականներին մշտական ինտեգրման հնարավորություն տալ, որը Հայաստանը բացառիկ երկիր է դարձնում»:

Նախաձեռնության իրականացման դեպքում, Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի միջոցով կարող է Հայաստանին օգնություն տրամադրել, որն էլ ուղղվելու է Իրաքից եւ Սիրիայից ժամանած փախստականներին: Ըստ Արամ Համբարյանի, ծրագիրը բխում է, թե՛ փախստականների, թե՛ Հայաստանի եւ թե՛ միջազգային հանրության շահերից.

«Դա խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ փախստականների բարեկեցության մեջ հսկայական ներդրում է լինելու: Հայաստանում ծախսված 40 միլիոն դոլարը կրկնակի արդյունք կտա, քանզի նույն թվով փախստականներ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ընդունելը շատ ավելի ծախսատար կլինի»,- նշում է Արամ Համբարյանիը:

XS
SM
MD
LG