Թուրքիայում հեղաշրջման փորձի և նախագահ Էրդողանի դեմ մահափորձ կատարելու համար մեղադրվող 40 զինվորներին դատարան ուղեկցելիս ամբոխը հնչեցնում էր կոչեր ի օգուտ մահապատժի կիրառմանը:
Նախագահ Էրդողանը ապրիլյան հանրաքվեի քարոզարշավի ընթացքում խոստացել է վերականգնել մահապատիժը և ընդգծել, որ, եթե խորհրդարանը ընդունի մահապատժի վերականգման մասին օրենքը, նա այն կստորագրի:
Մահապատիժը երկրում վերացվել է 2004 թվականին, երբ նախագահ Էրդողանը զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը: Այդ ժամանակ երկրի կառավարման համակարգը կիսախորհրդարանական էր: Վերացումն անմիջական կապ ուներ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկության հետ, սակայն դրա վերականգնումն աջակցություն կստանա ազգայնականների ու պահպանողականների շրջանակում:
Քաղաքագետ Աթիլիա Եսիլադան ասում է, որ հաշվի առնելով վերջին հեղաշրջման փորձն ու քրդական հարցի սրումը՝ մահապատժի վերականգնման գաղափարը ժողովրդականություն է վայելում:
«Մարդկանց մոտ առկա է ցանկություն կախաղան հանել այսպես ասած սրիկաներին: Կարծում եմ մարդիկ այդպես են մտածում: Եթե նման օրինագիծ ներկայացվի, Եվրամիությունը չի ունենա այլընտրանք, քան խզել կապերը Թուրքիայի հետ»,- ասում է քաղաքագետը:
Եվրամիությունը զգուշացրել է Թուրքիային, որ վերջինիս Եվրամիության անդամակցման հայտն ինքնաբերաբար կսառեցվի, եթե նման օրինագիծ անցնի: Սակայն որոշ երկրների կողմից ընդդիմությունը Թուրքիայի անդամակցմանն երկրի բնակչության շրջանում մեծացրել է դժգոհությունը դեպի Եվրամիություն: Էրդողանը ևս անտեսում է Եվրամիության զգուշացումները՝ ընդգծելով, որ իր ժողովրդի ցանկությունն ու Աստծո խոսքերը նրա համար ավելի կարևոր են, քան եվրոպացիների պահանջները:
Փորձագետները կարծում են, որ ընտրողների զգալի հատվածը հավանության է ենթարկում նման հռետորաբանությունը, որը ընդգծում է Էրդողանի ցանկությունը Թուրքիայում հաստատել հզոր նախագահական համակարգ:
«Ես կարծում եմ, որ մահապատժի վերադարձն ամրապնդում է դաշինքն ազգայնականների հետ, սակայն չեմ կարծում, որ այն անցնի, քանի որ մահապատժի վերականգնման համար Թուրքիան չափազանց բարձր քաղաքական և տնտեսական գին կվճարի»,- ասում է փորձագետ Սինան Ուլգենը:
Թուրքիայի հիմնական ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին դեռևս չի արձագանքել Էրդողանի առաջարկին: Փորձագետները կարծում են, որ մահապատժի կիրառումը չափազանց վտանգավոր կլինի Թուրքիայի համար, հատկապես եթե մահապատժի ենթարկվեն Քրդական բանվորական կուսակցության անդամները: Բացի այդ, Եվրամիության հետ հարաբերությունների խզումը բացասաբար կանդրադառնա Թուրքիայի անկայուն տնտեսության վրա: